Բելառուս

1999 թ. մարդահամարի տվյալներներով` Բելառուսում բնակվել է 10191 հայ, որից 2 800-ը՝ Մինսկում:
2009 թ. ոչ պաշտոնական տվյալներով՝ այդ թիվը հասնում է շուրջ 30-36 հազարի: Հայերն իրենց թվով զբաղեցնում են 7-րդ տեղը` բելառուսներից, ռուսներից, լեհերից, ուկրաինացիներից, հրեաներից և ադրբեջանցիներից հետո:
Հայերը նկատելի դեր են խաղում Բելառուսի տնտեսական, հասարակական և մշակութային կյանքի տարբեր բնագավառներում:
2002 թ. Մինսկում լույս տեսած «Բելառուսի 100 անվանի գործիչներ» տեղեկատուի էջերում հիշատակվում է տասը հայի անուն: Մինսկի հինգ փողոցներ կրում են հայորդիներ Մյասնիկյանի, Գայի, Ալեբեգովի, Ավագյանի, Այվազովսկու անունները։ Բելառուսում հայ համայնքային կառույցներ սկսել են ձևավորվել 1990-ական թվականներին: Դրանցից առաջինը Մշակույթի բելառուսական հիմնադրամին կից Մինսկի քաղաքային հայկական «Հայաստան» մշակութային-լուսավորչական ընկերությունն է, որն իր շուրջ համախմբել է Բելառուսի անվանի հայերին: Ընկերության գործունեությունը մեկնարկել է մշակութային միջոցառումների կազմակերպմամբ և Սպիտակի երկրաշարժի ժամանակ տուժած` Բելառուսում բժշկական օգնություն ստացող հայերին աջակցություն ցուցաբերելով:
«Հայաստան» ընկերության ջանքերով 1991 թ. Մինսկի Սբ. Ալեքսանդր Նևսկի ուղղափառ եկեղեցու բակում տեղադրվել է Հայոց Ցեղասպանության և 1988 թ. Սպիտակի երկրաշարժի զոհերի հիշատակը հավերժացնող խաչքար (պատրաստվել է Հայաստանում, օծվել՝ Էջմիածնում), որի շուրջ մինսկահայերը հավաքվում են` Մեծ Եղեռնի, Սպիտակի երկրաշարժի և Սումագայիթի զոհերի հիշատակը հարգելու համար:
1992 թվականից «Հայաստան» ընկերությունը առանձնացել է Մշակույթի բելառուսական ֆոնդից և գրանցվել որպես ինքնուրույն կազմակերպություն:
Ընկերության նախագահն է Գևորգ Եղիազարյանը, ով միաժամանակ Բելառուսի ազգային մշակույթների հանրապետական կենտրոնի ազգությունների խորհրդի նախագահն է: Ընկերության գործունեությունը հատկապես ակտիվացել է Բելառուսում ՀՀ դեսպանություն հիմնելուց հետո:
2003 թ. մայիսին Բելառուսում ստեղծվել է Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» կրոնական համայնքը (նախագահ` Անդրոնիկ Համբարձումյան): Բելառուսի, հատկապես` Մինսկի համայնքի կյանքում մեծ դերակատարություն ունի հայ գործարարների «Միասին» ակումբը:
Բելառուսում գործում են նաև Գրոդնոյի հայերի «Մուսալեռ» տարածաշրջանային հասարակական միավորումը, Մոգիլյովի քաղաքային «Մասիս» մարզային բարեգործական հայկական հասարակական միավորումը` Բոբրույսկի մասնաճյուղով։ Բրեստում, Վիտեբսկում և Գոմելում ևս ձևավորվում են հայկական համայնքային կառույցներ։
Բելառուսում գործում են «Էրեբունի» երգի-պարի ազգագրական, «Անի» ժողովրդական երգի-պարի համույթները, “Morfe Acoustic Band” ջազային խումբը: 1991 թ.-ց Մինսկի թիվ 64 դպրոցում գործում է կիրակնօրյա հայկական դպրոց, որտեղ ներկայումս ուսանում է 6-70 տարեկան շուրջ 150 ունկնդիր:
Մինսկում 2005 թվականից լույս է տեսնում «Անիվ» ռուսալեզու հայկական ամսագիրը: Հայ համայնքի կյանքը լուսաբանում է նաև «Նոյյան տապան»-ը, որը թեև լույս է տեսնում Ռուսաստանում, սակայն Մինսկում ունի հատուկ թղթակից։
Բելառուսահայ համայնքի ինքնակազմակերպման գործում նշանակալի իրադարձություն է 2009 թ. «Միասին» լրագրի և բելառուսահայ համայնքի ինտերնետային www.miasin.by և www.diaspora.by կայքէջերի գործարկումը:
Ներկայում Մինսկում կառուցվում է հայկական եկեղեցի:

You may also like...