Բարության ուժը

«Հայրենիքի ձայն», 1989թ.
Սեյրանուհի Գեղամյան

Գերմանիայի Բինգեն քաղաքից շարժասայլակով Երեւան, ապա Սպիտակ եւ Լենինական հասած այդ երիտասարդ գերմանացու կամքը ապշեցրեց ինձ: Նրա կյանքի պատմությունը մի տխուր ու վսեմ նորավեպ է, որի պարզ վերարտադրումն անգամ ձոն է մարդկային վճռականությանը, բարությանն ու անհողդողդ կամքի…

1974 թվականի աշնանային մի գիշեր ավտոմեքենայով հարեւան քաղաքն էր շտապում հազիվ 23 տարին բոլորած Ռոբերտ Զաուերը: Բարակ անձրեւում էր: Թաց ճանապարհին կատարվեց անսպասելին. չնկատված շրջադարձի վրա ավտոմեքենան կտրուկ սահեց խճուղուց եւ արագության ուժից յոթն անգամ շրջվելով՝ նորից կանգնեց անիվների վրա: Վայրկենական ուշաթափությունից հետո Ռոբերտը փորձեց դուրս գալ ավտոմեքենայից, սակայն սոսկումով հասկացավ, որ ոտքերը ոչ մի կերպ չեն ենթարկվում: Նա զգուշորեն շոշափեց ոտքերը: Ձեռքերն, իհարկե, զգում, «ընկալում» էին դրանք, որոնք, ավա՜ղ այլեւս անկարող էին «արձագանքել» որեւէ շփումի, որեւէ շարժումի…

Այսպես, ավելի քան 25 տարի առաջ, երիտասարդ, բարի մի գերմանացի կորցրեց քայլելու ունակությունը: Կորցրեց այդ կենսական ունակությունը, բայց ոչ երբեք ապրելու հույսն ու ցանկությունը: Անգամ բժիշկների համար անսպասելի՝ կարճ ժամանակում նա սկսեց մարզանքներ անել, որոշեց ուժեղացնել ձեռքերը, օրգանիզմը վարժեցնել իր նոր ապրելակերպին: Ընդամենը չորս ամսում Ռոբերտ Զաուերը հասավ այնպիսի արդյունքի, որպիսին ուրիշները կարողանում էին ձեռք բերել 5-6 տարվա ընթացքում: Հիվանդանոցից նա դուրս եկավ անվավոր աթոռին նստած… Եւ այդ օրվանից նրա համար սկսվեց մեկ այլ կյանք՝ կյանք անիվների վրա: Ուժեղ, կամային, վճռական Ռոբերտը չէր կարող գոհանալ այդքանով: Նա գիտեր, որ հարյուրավոր այդպիսի անդամալույծներ ապրում են հուսալքված, մերժված կյանքից ու շրջապատից, կորած մարդ համարելով իրենց: Ու նա սկսեց շրջել հայրենի Ֆոյենդորֆ քաղաքում, սկսեց մեկ առ մեկ փնտրել-գտնել իր նմաններին, նրանց դուրս բերել տներից, կապել կյանքին: Եւ 1976-ին այստեղ ստեղծեց Անդամալույծների ակումբ, որտեղ մարդիկ հանդիպում էին իրենց նմաններին, զրուցում, սուրճ խմում, հնարավոր խաղեր խաղում… Ռոբերտի օրինակով նմանատիպ ակումբներ հիմնվեցին նաեւ այլ քաղաքներում, հետո դրանք միավորվեցին, ստեղծվեց Անդամալույծների միացյալ ընկերակցություն, որի ղեկավարներից մեկը դարձավ Ռոբերտ Զաուերը: Բայց գործնական բարությամբ լեցուն երիտասարդը չսահմանափակվեց միայն իր հայրենակիցներին օգնելով: Նա սկսեց մեկնել աշխարհի այն քաղաքները, որոնցում պատերազմի եւ տարերային աղետների հետեւանքով հարյուրավոր մարդիկ դառնում էին անդամալույծ: Նա բազմիցս այցելեց Իտալիա, Մեքսիկա, Կոլումբիա, Բրազիլիա եւ այլուր: Նա այդ վայրերն էր տանում անվավոր աթոռներ, գնում էր նաեւ հուսահատված, հուսալքված մարդկանց անձնական օրինակով ոգեւորելու, հույս ներշնչելու:

…1988-ի դեկտեմբերյան աղետից հետո Գերմանիայի Բինգեն քաղաքի սոցիալական ապահովության նախարարության առջեւ օրեր շարունակ կանգնած էր Ռոբերտ Զաուերի անվավոր աթոռը, որի թիկնակին խոշորատառ մի կոչ էր փակցված. «Հայաստանի աղետյալներին անվավոր աթոռներ են պետք: Օգնեցեք մեզ, մարդիկ սպասում են»…

1989-ի հունվարի 15-ին Ռոբերտ Զաուերը Հայաստան հասավ անդամալույծների 60 անվավոր աթոռներով: Այն, ինչ նա տեսավ՝ իր դաժանությամբ գերազանցեց ամեն սպասելիք: Երբեւէ, որեւէ այլ տեղ նման դժոխային պատկերների չէր հանդիպել: Վերադառնալով Գերմանիա, նա ելույթ ունեցավ հեռուստատեսությամբ, պատմեց կատարվածը ու խնդրեց մարդկանց ձեղնահարկերից դուրս բերել օգտագործած հենակներն ու անվավոր աթոռները (Գերմանիայում դրանք փոխվում են յուրաքանչյուր հինգ տարին մեկ) եւ տրամադրել հայ աղետյալներին: Շուտով նա նորից եկավ Հայաստան արդեն 103, իսկ հաջորդ անգամ եւս 100 անվավոր աթոռով ու հենակներով: Ռոբերտը բազմիցս այցելեց Հայաստանի աղետյալ գյուղերն ու քաղաքները, կարիքավորներին անձամբ հանձնեց հենակներն ու սայլակները, մանրամասն, սրտալի զրույցներ ունեցավ անհույս ու անմխիթար մարդկանց հետ՝ նորից անձնական օրինակը դարձնելով հենման կետ, առաջնորդվելով այն համոզումով, թե մարդուն չի կարելի թողնել առանց հույսի, լքված ու անօգնական:

Մեր հանդիպումների ու զրույցների ընթացքում Ռոբերտը շնորհակալանքով հիշում էր բոլոր այն մարդկանց, որոնք օգնել էին իրեն՝ անդամալույծներին անհրաժեշտ գույքը Հայաստան հասցնելու եւ աղետյալներին բաժանելու գործում: Ես նայում էի այդ արտասովոր երիտասարդին ու մտածում բարության ուժի մասին: Ահա մի մարդ, որից ամենից քիչ կարելի է գործնական օգնություն ակնկալել, եւ այդ մարդը չի մոռանում շնորհակալություն հայտնել նրանց, ովքեր նեցուկ էին եղել իրեն մարդասիրական այդ գործում: Ինքս այն ժամանակ դժվարացա երախտագիտության խոսքեր գտնել: Մտածեցի, որ օրվա մեջ տասնյակ առիթներով օգտագործվող այդ բառերն այս դեպքում շատ են հասարակ: Բայց եւ հիմա ուզում եմ ասել. Ռոբերտ Զաուեր, քո օրինակը բարիացնում է այս մեծ աշխարհը, դարձնում ավելի սիրելի: Քո օրինակը կարեկցանքի ու գթասրտության ամենալավ դասն է: Դու եւ քո նմաններն այն դաժան օրերին հագուստի, դեղորայքի, տնակների, ուտելիքի փրկչական դժվար աշխատանքի հետ մեզ տվեցիք նաեւ ապրելու համար ամենաանհրաժեշտը՝ ՀՈՒՅՍԸ:

Խորին խոնարհում Ձեզ…

You may also like...