Արև հեքիաթ

«Հայրենիքի ձայն», 15 հոկտեմբերի, 1980թ.
Սեյրանուհի Գեղամյան

«Ո՞վ կարող է հիշել, թե երբ է ծնվել հեքիաթը: Երեւի մարդ արարածի բառ ու բանի հետ, նրա աշխարհայեցողության, նրա մտքի ու երեւակայության, ձգտումների ու երազների հետ», պարզ, մտերիմ պատմում է բեմի ականավոր վարպետ Սուրեն Քոչարյանը, պատմում է այս անգամ արդեն գրքի էջերից՝ «Արեւ հեքիաթ» ժողովածուի (Երեւան, «Սովետական գրող», 1980թ., ձեւավորում՝ Գր. Խանջյանի) առաջաբանում:

Եւս մեկ հանդիպում այդ բարի, ժպտերես, «ոսկեբերան» արվեստագետի հետ: Գրում եմ հանդիպում, որովհետեւ գիրքն այնպիսին է, ինչպիսին ինքն էր՝ պարզ, կենդանի, հումորով: Եւ ով մեկ անգամ նրան տեսել է բեմում կամ հեռուստաէկրանի վրա, գրքի ընթերցման ողջ ընթացքում անպայման նորից կըմբոշխնի նրա անկրկնելի պատմելարվեստը:

suren-kocharyan1

Ժողովածուն կազմված է մի քանի տասնյակ հայկական ժողովրդական հեքիաթներից, որոնք մշակել է ինքը՝ Սուրեն Քոչարյանը: Սակայն սխալ կլիներ ասել, թե նա սոսկ հավաքել ու սոսկ մշակել է հեքիաթների այս ժողովածուն: Այն, ինչ-որ տեղ կարելի է նաեւ աշխատություն համարել, որովհետեւ, ինչպես գրում է հեղինակը, «Հինգ տասնյակ տարիների դերասանական փորձով զինված, երեսունհինգ գրական կոմպոզիցիաների հեղինակ լինելուց հետո է, որ վերջապես ձեռնարկեցի տարբեր տարիների կատարած եւ ձայնագրած հեքիաթներս գրի առնել…»: Հասկանալի է, թե որքան մեծ նշանակություն է տալիս Քոչարյանը հեքիաթներին, որովհետեւ, իսկապես, ժողովրդի սիրտը, միտքը, փիլիսոփայությունը, հանճարը արտացոլվում են նրա ստեղծած հեքիաթներում: «Անհատ հանճարը չի տվել ոչ մի ընդհանրացում, որի հիմքում եղած չլինի ժողովրդական ստեղծագործություն, չի տվել ոչ մի համաշխարհային նշանակություն ունեցող տիպար, որն արդեն չի եղել ժողովրդական հեքիաթներում ու առասպելներում»,- գրել է Մաքսիմ Գորկին: Եւ այս ամենի գիտակցումով է, որ Քոչարյանը նման պատասխանատվությամբ է մոտեցել այս ժողովածուի կազմմանն ու մշակմանը: Իսկ մշակումը զարմանալի նոր շունչ, նոր բովանդակություն ու իմաստ է հաղորդել դրանց, այնպես, որ թվում է, թե հենց նոր, նրա պատմելու ընթացքում են ծնվում այդ հեքիաթները:

Դրանք հեքիաթներ են բոլոր տարիքների հանար, հեքիաթներ են հատկապես մեծերի համար, եւ կարդալով դրանցից յուրաքանչյուրը, մի տեսակ հրճվանք ես ապրում, ճանաչելու, բացահայտելու հրճվանք, թե ինչպես այդքան պարզ ու ամբողջական կարելի է գտնել երբեմն շատ որոնվող ձեւակերպումներ… Դրանցից յուրաքանչյուրը խորը փիլիսոփայություն է մարդկային էության բոլոր հայտնի, հաճախ դժվար ճանաչելի հարաբերությունների, զգացումների ու հուզումների մասին: Հեքիաթների զգալի մասը վերջանում եւ սկսվում է հանրահայտ «Հազար ու մի գիշերների» ձեւով` իրար շաղկապված: Սակայն Քոչարյանն այս պատմելաձեւը ժառանգել է իր ազգական, հայտնի հեքիաթասաց Մաշակար Կարոյից. «Ինձ թվում էր, թե նրա պատմած բոլոր հեքիաթները ՄԵԿ հեքիաթ էր: Դրանք մեկը-մեկից շարունակվելով կազմում էին մի ամբողջություն: «Հազար ու մի գիշերների» վրա աշխատելիս ես սիրով ու հուզմունքով հիշում էի մեր Մաշակար Կարոյին` տուրք տալով նրա պատմելակերպին ու հիշողությանը, չէի դադարում հիանալուց նրա հեքիաթաշար կազմելու հունարից»:

Հենց այդ հիացումն է, որ այսքան կատարյալ է դարձրել Սուրեն Քոչարյանի աշխատանքը: Մանավանդ անկրկնելի է այդ ժողովածուի համար գրած նրա փոքրիկ առաջաբանը: Այն կարծես մի էսսե լինի` գեղարվեստական ստեղծագործության, ստեղծագործող անհատի, ստեղծագործելու ընթացքի, լեզվի եւ, վերջապես, ժողովրդական փիլիսոփայության ամենախորը ձեւի` հեքիաթի մասին:

«Հեքիաթը հեքիաթ է դառնում հեքիաթ պատմողի վերաբերմունքով,- գրում է նա,- հայտնի հեքիաթասացները հռչակված են ո՛չ թե շատ հեքիաթ գիտենալով, ո՛չ թե սյուժեն հիշելով, այլ այն բովանդակությամբ, որը հաղորդում են իրենց հեքիաթին: Այդ բովանդակությունը, այդ իմաստը տալու համար անհրաժեշտ է կյանքի փորձ ունենալ եւ աստծուց շնորհած տաղանդ»:

Ս. Քոչարյանն ուներ այդ փորձն ու տաղանդը: Դրանց շնորհիվ է, որ այն ամենը, ինչը նա երբեւէ մատուցել է, այնքան տպավորիչ ու անջնջելի է մնացել, դարձել մեր ամենաջերմ հիշողություններից մեկը: Այդպիսին է եւ այս՝ «Արեւ հեքիաթ» ժողովածուն, որի վրա նա այնքան սիրով աշխատել է կյանքի վերջին տարիներին:

Իրեն հատուկ պատմելաձեւով ժողովածուի առաջաբանի վերջում Քոչարյանը գրում է. «Հեքիաթների բզզոցն ու դժժոցը հանգիստ չի տալիս ինձ. գիշերները չեմ քնում: Մտածում եմ, թե ինչպե՞ս ասեմ, ինչը՝ ինչի ետեւից, որտե՞ղ շունչ առնեմ, որ դու էլ, սիրելի կարդացող, ինձ հետ շունչ առնես՝ հանգստանաս… Կյանքի փեթակից հավաքած մեղրումը քաղցրի հետ դառն էլ ա պատահում, բոլորը հո մեր Ստեփանավանի ծաղկափթիթ դաշտերի բուրմունքը չունե՞ն: Ես շատ եմ սիրում մեր ժողովրդական հեքիաթները:

Ուզում եմ, որ դու էլ սիրես»:

Իսկ ինչպե՞ս կարելի է չսիրել համով-հոտով, ժողովրդական սրամտություններով լի այդ Արեւ հեքիաթները, որոնցից մենք անպայման ջերմանում ենք, անպայման բարիանում, գուցե եւ իմաստնանում… Եւ պահանջ ենք զգում ասելու, մենք սիրում ենք դրանք, անչափ ենք սիրում…

Եւ սիրում ենք Քեզ, անչափ…

You may also like...