Արշակ Ալպոյաճյան. Թեկնածու Հայաստանի ակադեմիայի թղթակից-անդամության

Եգիպտահայ մտավորականերու հետ. Արշակ Ալպոյաճյան

Սիմոն Սիմոնյան
«Սփյուռք», Գրական, գեղարվեստական, հասարակական, 1959թ., թիվ 3, Բեյրութ

1959(3)-4 copy 2

Ալպոյաճյան շրջապատված Ակադեմիայի գիտնականներով։ Ձախեն՝ աջ՝ նստած Աշոտ Հովհաննիսյան, Արշակ Ալպոյաճյան, Սուրեն Երեմյան։ Ոտքի՝ Բաբկեն Առաքելյան, Մկրտիչ Ներսիսյան, Վարդան Թեմուրջյան

Երեկոյան ժամը 8։30-ն էր։ Հասած եմ Մաթարիա, Կահիրեի հեռավոր արվարձաններեն մեկը, ուր տարիներե ի վեր կը բնակի մեծարդյուն պատմաբան, բանասեր և հրապարակագիր Պրն. Արշակ Ալպոյաճյան, սփյուռքի հայ մտավորականության նահապետը։

Ահա իր բնակարանը, Շակարեթ Մարիամ թաղի մեջ, նպարավաճառ Շամիի խանութին մոտ, ըստ ինծի տրված բացատրության, որուն շնորհիվ կրցա երկու ժամեն հասնիլ Կահիրեեն այս արվարձանը, ինչպես երկու ժամեն նույն օրը հետմիջօրեին Բեյրութեն օդանավով հասած էի Կահիրե։

Կը բարձրանամ։ Աստիճաններուն գլուխը դեմս կելլե Պրն. Արշակ Ալպոյաճյանի որդեգիր աղջիկը, Հոռոփը, որ ուրախությամբ կը բացականչե…

— Քեզի կսպասեր։ Ո՞ւր մնացիր։ Բայց քիչ մը անհանգիստ է. թանսիոնը բարձրացած է։ Բժիշկին հրահանգով քաղաք չիջներ։

Կը մտնեմ իր աշխատասենյակը։ Վեր կառնե իր ալեհեր գլուխը, որ հանգչած է իր ութսունեն վեր հասակին վրա, ոտքի կելլե և կողջագուրվի հավասարության համբույրով իր տարիքին կեսը բոլորած նվաստիս հետ։

Կը նստինք։ Հարցումներ անհամար, որոնց մեծագույն մասին ինք կը պատասխանե ուժգին ձայնով մը։ Ուրիշ ոչ մեկ պատճառ եթե գոյություն ունեցած ըլլար, ուժգին խոսելու իր էներգիան միայն պիտի բավեր իր թանսիոնը բարձրացնելու…

— Հոռո՛փ, շուտով շտկե սեղանը, կը հրահանգե Պրն. Ալպոյաճյան, որ Հայաստան մեկնելեն առաջ իսկ գերազանցիկ մըն էր հյուրասիրության մարզին մեջ։

Նեղոսի հովիտին մեջ, Հայաստանեն այնքա՜ն հեռու,— ուր ապրիլ, ստեղծագործել ու մեռնիլ կը վայելեր այս ալեհեր գիտնականին և անսայթաք հայուն,— Պրն. Արշակ Ալպոյաճյան կը սկսի պատմել Հայաստանի մասին, ուր այցելած էր երեք-չորս ամիս առաջ։

Անհամար մեծ հուշեր, որոնք կարծես կը շաչեն Պրն. Ալպոյաճյանի ուժեղ ձայնին մեջ։

— Հուշերս գիրքի պիտի վերածեմ։ Չեմ ուզեր օրաթերթի մեջ հրատարակել։

Ապա կը բերե նկարներու տրցակ մը, որոնց մեջեն կը զատե հատ մը, ուր ինք նստած է բազկաթոռի մը վրա և նայելով աչքերուս՝ կը հարցնե.

— Գիտցիր թե որո՞ւն տունն է…

Ալպոյաճյան՝ տիկին Աճառյանի (Սոֆիա), թոռ Աճառյանի (Հրաչյա) և դուստր Աճառյանի (Քնարիկ) հետ

Ալպոյաճյան՝ տիկին Աճառյանի (Սոֆիա), թոռ Աճառյանի (Հրաչյա) և դուստր Աճառյանի (Քնարիկ) հետ

Պարզապես վիճակ քաշելու պես, հոգեզգացությամբ մը կասեմ.

— Հրաչյա Աճառյանի տան մեջ…

— Տո, ինտո՞ր գիտցար,— զարմացած կը բացականչե Պրն. Ալպոյաճյան։

Ահա նկարը ձեռքերուս մեջ, Պրն. Արշակ Ալպոյաճյան հանգուցյալ մեջ գիտնական և ակադեմիկոս Հ. Աճառյանի աթոռին վրա։

Ապա շարքով կերկարե այլ նկարներ։

— Ասիկա տիկին Աճառյանն է, Սոֆիան, և իր թոռնիկը, որ կը կոչվի Հրաչյա, մեծ հորը, Հր. Աճառյանի անունով։

Ապա այլ նկար մը ցույց տալով կըսե.

— Այստեղ նույն անձերն են, միայն այս երիտասարդ կինը, Քնարիկ, Աճառյաններու որդեգիր աղջիկն է։

Ապա կը խոսի Հր. Աճառյանի մեծ վաստակին մասին և կը պատմե անոր կյանքեն հաճելի դրվագներ, և կեզրակացնե.

— Մարդ մեծ գործ տեսած է։ Մեծ գիտնական է։

Ալպոյաճյան՝ Աճառյանի աթոռին վրա, կը թերթե Աճառյանի գործերը։ Կողքին՝ տիկին Աճառյան, թոռնիկը գրկին

Ալպոյաճյան՝ Աճառյանի աթոռին վրա, կը թերթե Աճառյանի գործերը։ Կողքին՝ տիկին Աճառյան, թոռնիկը գրկին

Չորրորդ նկար մը ցույց կուտա, ու ինք շրջապատված է Ակադեմիայի մեծարժեք մտավորականներով՝ Աշոտ Հովհաննիսյան, Սուրեն Երեմյան, Բաբկեն Առաքելյան, Մկրտիչ Ներսիսյան, Վարդան Թեմուրջյան։

— Գիտե՞ս,— կը հայտնե անհուն պարզությամբ,— որոշած են զիս թղթակից-անդամ նշանակել Հայաստանի Ակադեմիային։ Ինծի համար կարևորություն չունի։ Ես փառք պնտրող մարդ չեմ։ Բայց երևույթը լավ է։ Հայաստանի և արտասահմանի միջև մշակութային կապ կըլլա։

— Արժան և իրավ,— կըսեմ ուրախությամբ։

Պրն. Արշակ Ալպոյաճյան տեղյակ չէ, որ իր Հայաստան մեկնումին ես խոնարհաբար Վեհափառ Հայրապետին խնդրած էի միջնորդել Ակադեմիայի մոտ՝ զինք նշանակելու թղթակից-անդամ, Հայաստան իր այցելությունը կրկնապես նշանակալից դարձնելու համար։

Կը ստորագրե ձեռագրատան տոմարին մեջ

Կը ստորագրե ձեռագրատան տոմարին մեջ

Ապա հինգերորդ նկար մը կերկարե, ուր Հայաստանի ձեռագրատան մեջ կստորագրե տոմարը շրջապատված գիտաշխատողներով։

Ապա բազմաթիվ նկարներ։

Պրն. Արշակ Ալպոյաճյան հիացումով կը խոսի Հայաստանի բազմաթիվ գիտնականներու մասին.

— Շատ երիտասարդ գիտնականներ հասած են։

Ալպոյաճյան՝ Հ. Աճառյանի աթոռին վրա

Ալպոյաճյան՝ Հ. Աճառյանի աթոռին վրա

Անոնցմե հատկապես երկուքին — Բ. Առաքելյանի և Հ. Անասյանի— մասին մեծ հիացումով կը խոսի։

— Էջմիածնի մեջ բանախոսություն մը տվավ Բաբկեն Առաքելյան։ Հիացա։ Ելա և համբուրեցի զինք։ — Իսկ,— կը շարունակե Պրն. Ալպոյաճյան,— Հ. Անասյանը գրել ու տպել սկսած է Մատենագիտությունը, որ Ղազիկյանի գործեն տասնապատիկ ընդարձակ է և շատ ավելի գիտական ու մեթոդիկ։ Կոթողական գործ մը…

Հայրենական հուշերը կերկարաձգվին խոր գիշերվան մեջ։

Հեռուն Նեղոսը կթավալի լուռ ու ծանր, պանդուխտի վիշտին պես։ Ու Նեղոսի ափին, Մաթարիա արվարձանին, Շակարեթ Մարիամ (Մարիամի ծառը) թաղին մեջ՝ Արշակ Ալպոյաճյան, Հայաստանի Ակադեմիայի թղթակից-անդամ։

You may also like...