Արման Արաբյան

«Հայրենիքի ձայն», մարտ, 1991թ.
Սեյրանուհի Գեղամյան

1991-ի սկզբներին ԱՄՆ-ի Կալիֆորնիայի նահանգի հայազգի կառավարիչ Ջորջ Դոքմեջյանը կամովին թողեց պաշտոնը: Իր պատվին տրված ճաշկերույթներից մեկի ժամանակ նահանգապետը կես կատակ-կես լուրջ հայտարարեց. «Ես թողնում եմ իմ պաշտոնն այն պատճառով, քանի որ Կալիֆորնիայում այլեւս կարեւոր պաշտոններ չմնացին, որոնցում կարողանայի հայեր նշանակել»:

Նահանգապետի կատակի մեջ իսկապես որոշ ճշմարտություն կար: Վերջին տարիներին նա քաղաքական կարեւոր պաշտոնների է նշանակել ոչ քիչ թվով հայերի, որոնցից մեկն էլ Կալիֆորնիայի նահանգային գերագույն ատյանի դատախազ Արման Արաբյանն է:
Արաբյանը ծնվել է 1934 թվականին Նյու Ցորք քաղաքում, Հովհաննես եւ Աղավնի Արաբյանների ընտանիքում:
Ավարտել է Բոստոնի համալսարանի իրավաբանական բաժանմունքը: 1962-ին հաստատվել է Կալիֆորնիայում եւ ծառայել որպես Լոս Անջելես Քաունթիի փոխդատախազ: 1972-ին Ռոնալդ Ռեյգանի կողմից նշանակվել է Բարձրագույն ատյանի անդամ, իսկ 1983-ին՝ Վերաքննիչ ատյանի անդամ:
Կալիֆորնիայի Գերագույն ատյանի դատախազ է ընտրվել 1990 թվականին:
Արտաքնապես չափազանց զուսպ է, անգամ փոքր-ինչ սառը մարդու տպավորություն է թողնում: Բայց երբ պատմում է իր մասին եւ վերհիշում է իր ծագումը, ազգային արմատները, զգում ես, որ օրենքի մարդու հավասարակշիռ ու զուսպ արտաքին կեղեւի տակ ապրում է կորուստներ ու տառապանքներ կրած սովորական մի հայ: Այդ ցավոտ վերհուշերից մեկը նա պատմեց լոսանջելեսյան իր գրասենյակում, օրենքների եւ օրինականությունների հաստափոր, շքեղակազմ գրքերի հանդիսավոր միջավայրում:
«1915-ի հայկական ջարդերի ժամանակ մեծ մայրս իր նման հազարավորների հետ, փորձում է փախչել թուրքական յաթաղանից՝ իր երկու փոքրիկ զավակներով: Երբ նրանք հասնում են գարնան ձնհալից վարարած մի գետի եւ փորձում են անցնել այն, մեծ մայրս հասկանում է, որ անկարելի կլինի երկու փոքրիկներին գրկած անցկացնել գետը: Երկար խորհելու ժամանակ չկար: Եւ տանջալի ապրումներով՝ նա գետափին թողնում է մեկին՝ փրկելու համար գոնե մյուսի կյանքը: Փրկվածը հայրս էր՝ Հովհաննես Արաբյանը»:

Ահա նա հոգում կրում է այս ողբերգական պատմությունը: Երկար ժամանակ ապրել է նաեւ այն ցավն ու ընկճվածությունը, որ մոր կաթի հետ ներծծվել էր որպես ազգային պատկանելության տխուր դրոշմ: Սակայն չի սիրում խոսել այս ամենի մասին եւ շատ հազվադեպ է անդրադառնում դրանց: Գտնում է, որ պետք է ուժեղ լինել, ազատվել այսպես կոչված «թուրքական խաթարող սինդրոմից» եւ ապրել առողջ, ազատ ու լիարյուն կյանքով: Օրենքի մարդ է եւ վստահ է, որ կգա ժամանակը եւ այս ողբերգությունների հեղինակները պատասխան կտան օրենքի առջեւ:
Ես միշտ այն տեսակետին եմ, որ պետք է ջանքեր գործադրել քաղաքական, դիվանագիտական ճանապարհով լուծելու համար հայկական հարցը: Եւ, եթե չլուծվի այն, վերքը երբեք չի բուժվի, իսկ դա լավ չի կարող լինել ինչպես հայերի, այնպես էլ թուրքերի համար:
Պարոն Արաբյանը բավական քաջատեղյակ է Հայաստանի ներկա քաղաքական կացությանը, եւ ափսոսանք է հայտնում, որ ժամանակին չենք կարողացել կապեր հաստատել հայրենաբնակ եւ ամերիկահայ փաստաբանների ու քաղաքագետների միջեւ: Մինչդեռ իրենք կարող էին իրենց փորձառությամբ ու քաղաքական համապարփակ գիտելիքներով օգտակար լինել հայրենի գործընկերներին: Միեւնույն ժամանակ գտնում է, որ անհրաժեշտ է անհապաղ Հայաստանից բերել երիտասարդների եւ Կալիֆորնիայում կրթել իրավական եւ քաղաքական ասպարեզներում, որտեղ համալսարանական կրթությունից դուրս նրանք կարող են անձնական շփումներով հարստանալ այս ասպարեզում բավական առաջացած իրենց հայրենակիցներից:
Երբ հարցնում եմ, թե ինքն անձնապես պատրա՞ստ է, արդյոք, որեւէ ձեւով օգտակար լինել անկախացման ուղին բռնած Հայաստանին, նա ժպտում է եւ մինչ այդ օգտագործած անգլերենը հայերենի փոխելով՝ պատասխանում.

- Ես իմին ծագումը շատ լավ գիտեմ եւ այն օրը, որ Հայաստանը իսկապես անկախ ըլլա, ես կընեմ, ինչ որ հոգիս թելադրե: Ես պարտք ունիմ եւ չեմ փախչեր այդ պարտքեն, բայց օրենքի մարդ եմ եւ կսիրեմ ամեն ինչ օրինական ձեւով ընել:
Ապա դատախազ Արաբյանի հետ զրուցում ենք ղարաբաղյան շարժման, հայաստանյան նոր իրականության, կալիֆորնահայ համայնքի շուրջ: Նա իր հետաքրքիր նկատառումներն է հայտնում այս ամենի առթիվ եւ անընդհատ շեշտում է միասնականության գործոնի կարեւորությունը:
Այսօր, երբ արդեն քաղաքական ասպարեզից հեռացել է նահանգապետ Ջորջ Դոքմեջյանը, որի ներկայությունը, դիրքն ու անձնական նախաձեռնությունները շատ բանով էին նպաստում կալիֆորնահայ համայնքի ազգային նկարագրի ընդգծմանն ու պահպանմանը, նոր պարտականություն է ծանրանում բոլոր նրանց ուսերին, որոնք նկատելի պաշտոնական դիրքեր են գրավում ԱՄՆ-ում: Հուսանք, որ նրանք կփորձեն ավելի կապվել հայկական շրջանակներին, ավելի ուժգին կարձագանքեն իրենց արյան ձայնին ու հայկականությանը եւ կդառնան «ամուր թիկունք» հայության համար: Նրանց մեջ կարող է մեծ դեր ունենալ եւ դատախազ Արման Արաբյանը:

You may also like...