Արգենտինյան տանգո

Հայրենիքի ձայն, 11 հունվարի, 1984թ., թիվ (962)

Բուենոս-Այրես՝ նշանակում է «լավ օդ»։ Այժմ այստեղ գարուն է, և աշխարհի տարբեր ծայրերից բազմաթիվ զբոսաշրջիկներ շտապում են շնչելու լատինաամերիկյան Փարիզի օդը, սուզվելու արգենտինյան տանգոյի աշխարհը։ Եվ նրանց առաջին հերթին տանում են «Elvigo Almacen»՝ «Հին նպարավաճառատուն», որտեղ երգում է Էդուարդո Ռիվերոն։ Նա շարունակում է տանգոյի անկրկնելի երգչի՝ ժողովրդի սիրելի հայտնի Կառլոս Գարդելի ավանդույթները։

«Հին նպարավաճառատունը» ձգում է առաջին հերթին իր ազգային կոլորիտով։ Այստեղ լսվում են քաղցրահնչյուն ժողովրդական մեղեդիները և, իհարկե, պարում են «Կոմպարսիտա»։

— Ուշադրություն դարձրեք բեմի վրա կախված փայտե սայլանիվին,— նկատում է «Շարժում» թերթի խմբագիր Սամո Սարգսյանը։— Հին անիվը ասես խորհրդանիշ լինի։ Դե հաշվիր, թե քանի հազար, հարյուր հազարավոր այսպիսի անիվավոր սայլերով աշխարհով մեկ ցրվել են հայերը։ Արգենտինայում նրանք հայտնվել են 19-րդ դարի վերջերին։ Այժմ գաղթօջախում կան ավելի քան 80 հազար մեր հայրենակիցներից։

Դուրս ենք գալիս նեղ, ծխով լեցուն շենքից։ Հռնդալով սլանում են մեքենաները՝ օդւ թունավորելով արտամղած գազերով։

— Իսկ սա արդեն «կյանքի տանգոն» է,— հեգնանքով ասում է Վահան Գալֆայանը՝ շատ կիրթ մի մարդ, որը բախտի քմահաճույքով վերջերս դարձել է առևտրական։ Նա, ինչպես և բոլոր արգենտինացիները, լրջորեն անհանգստացած են երկիրն ընդգրկած ինֆլյացիայով։ Ինֆլյացիան խիստ հարվածում է էկոնոմիկային, մարդկանց կենսամակարդակին։ Ամեն ամիս գները միջին հաշվով աճում են 25 տոկոսով։ Միայն մի օրում, նոյեմբերին, հացի գները բարձրացան 42 տոկոսով, և այժմ կիլոգրամն արժե 90000 հին պեսո։ Կես դոլար՝ մեկ կիլոգրամ հացի համար՝ Արգենտինայում, որը հացահատիկ արտադրող խոշորագույն երկրներից մեկն է աշխարհում։ Ըստ էկոնոմիկայի մինիստրության պաշտոնական տվյալների, գները 1983 թվականի տասը ամսում միջին հաշվով աճել են 280 տոկոսով։

Այնպես որ, երկրի գեղեցիկ ցուցափեղկի ետևում չափազանց շատ են փտած արմատները, որոնք «լավ օդը» թունավորում են տնտեսական ու սոցիալական պրոբլեմներով։

Այն մասին, թե Արգենտինան ինչով է շնչում քաղաքական ու տնտեսական սուր ճգնաժամի պայմաններում, երբ փողոց են նետվել ավելի քան 2 միլիոն գործազուրկներ, երբ երկրի պարտքը միջազգային վալյուտային ֆոնդին հասնում է 43 միլիարդ դոլարի, մեզ արդեն հասցրել են պատմել Արգենտինայի կոմկուսի Կենտկոմի անդամ Մարիո Խոսե Գրաբիվկերը։

1984-01-11-3

Կյանքի «տանգոն» մինչև վերջին ժամանակներս ուղեկցվել է երկրի կոմունիստների, առաջադիմական ուժերի դեմ հալածանքներով։

— Մեզ համար դժվար օրերին՝ Մալվիններում իմպերիալիստական ագրեսիայի ժամանակաշրջանում,— վերհիշում է Արգենտինայի կոմկուսի կենտկոմի օրգան «Կե Պասա» թերթի պատասխանատու քարտուղար Էդուարդո Յուշացկին,— հայերը մեզ օգնության ձեռք մեկնեցին։ Եվ կոմունիստների ճշմարտացի խոսքը ժամանակին հասնում էր ընթերցողին։

…Օտարության մեջ մայր հայրենիքի երգերը կարծես համապազօրյա հաց լինեն։ Դրանք անպակաս են յուրաքանչյուր հայկական ընտանիքից, ամեն հայի սրտից։ Կարող է նա հայերեն խոսելը մոռացել է, բայց, ինչպես ասում են, բառերը երգից դուրս չես նետի։ Բոլորը լավ գիտեն այդ երգերը, դրանցով են ապրում։

Եվ հասկանալի է, թե ինչու գաղթօջախի բնակիչներն այնպիսի հետաքրքրությամբ ու խանդավառությամբ ընդունեցին Սովետական Հայաստանից հերթական պատվիրակության՝ կոմպոզիտոր Մարտին Վարդազարյանի, Երևանի Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ակադեմիական թատրոնի մեներգչուհի, Մարիա Կալասի անվան միջազգային մրցույթի դափնեկիր Էլլադա Չախոյանի, հանրապետության վաստակավոր արտիստ Րաֆֆի Հովհաննիսյանի և համամիութենական մրցույթի դափնեկիր, ջութակահար Արտաշես Մկրտչյանի Բուենոս-Այրես ժամանելու մասին լուրը, որոնք եկել էին Հայկական բարեգործական ընդհանուր միության հրավերով։

Առաջ անցնելով ասեմ, որ համերգներն անցան մեծ հաջողությամբ, դահլիճները լեփ-լեցուն էին։ Եվ սովետական արտիստների ամեն մի ելույթ ցայտուն, հուզիչ տոն էր դառնում Լա-Պլատայի հեռավոր ափերին։

Համերգներից մեկին ներկա էր Լոլիտա Տորեսը։ Լոլիտան բարեկամություն է անում տեղի հայերի հետ, և նրա բառապաշարում կան նրանցից վերցված որոշ բառեր և հասկացություններ։

Լոլիտա Տորեսի վրա անջնջելի տպավորություն է գործել 1972 թվականի ապրիլին Սովետական Հայաստան կատարած ուղևորությունը։ Այն ժամանակ, Տիգրան Մյուրեքյանի կողմից կազմակերպված հյուրախաղերի օրերին, նա կատարել է Բարսեղ Կանաչյանի «Օրոր» երգը։ Այնուհետև այդ երգը նա կատարել է արգենտինյան հեռուստատեսությամբ։ Եվ ահա այժմ, տարիներ անց, այդ նույն մեղեդին, ի պատիվ արգենտինյան հայտնի երգչուհու, կատարում է Էլլադա Չախոյանը։

Համերգից հետո Լոլիտա Տորեսը գալիս է անդրբեմ, դերասաններին շնորհակալություն հայտնում կատարողական բարձր արվեստին հաղորդակից դառնալու համար։ Ներկայացնելով ամուսնուն՝ նա հայերեն ասում է. «Ամուսինս»։

«Շատ լավ էր»,— այս բառերով դերասաններին շնորհավորում է Արգենտինայի ռազմաօդային ուժերի նախկին գլխավոր հրամանատար, պաշտոնաթող գեներալ Կառլոս Կոնրադո Արմանինին։ Հայերի հետ նա բարեկամացել է մոտ քսան տարի առաջ, և այդ ժամանակից ի վեր իրեն կոչում է Կարապետ։

You may also like...