Արգենտինա

Առաջին հիշատակումները Լատինական Ամերիկայում հայերի ներկայության մասին վերաբերում են 17-րդ դարին: Համաձայն Հարավային Ամերիկայով շրջագայող իսպանացի միսիոներ Ֆերնանդո դե Մոնտեսինոսի տվյալենրի` 1670թ. Լիմայում արդեն կար փոքրաթիվ, սակայն բավականին ազդեցիկ հայ համայնք: 1892 թվականին Սիրիայից և Եգիպտոսից հայերի զանգվածային ներհոսք է տեղի ունեցել Արգենտինա: Հայ համայնքը ձևավորվել է 20-րդ դարասկզբին` հիմնականում Ադանայում (Կիլիկիա) թուրքական իշխանությունների կազմակերպած ջարդերից (1909թ.) հետո:

1914թ. Արգենտինայում բնակվել է շուրջ 2 հազար հայ: Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու հոգաբարձության տվյալներով` 1942-1943 թթ. հայերի թիվը Արգենտինայում եղել է 19000: Շուրջ 10000 հայ Արգենտինա է գաղթել Սիրիայից, Լիբանանից, Հունաստանից և Ֆրանսիայից, 1000-ը` Ռումինիայից ու Բուլղարիայից (1952-53թթ.), ևս 4000-ը` Թուրքիայից (1955թ.):

1962թ. տվյալներով` Արգենտինայում բնակվել է շուրջ 40000 հայ: Վերջին տասնամյակում Հայաստանից Արգենտինա է գաղթել շուրջ 3000 հայ: 2009թ. տվյալներով` Արգենտինայում բնակվում է ավելի քան 100 հազար հայ, որոնց մեծ մասը (շուրջ 90000) կենտրոնացած է Բուենոս Այրեսում և արվարձաններում, 5000-ը` Կորդոբայում, մնացյալը` Ռոսարիոյում, Մար դել Պլատայում, ինչպես նաև Միսիոնես, Մենդոսա, Նեուկեն, Ռիո Նեգրո նահանգներում:

Ելնելով Արգենտինայի օրենսդրությունից, որն արգելում է այդ երկրում օտար կուսակցությունների ստեղծումը, հայ ազգային կուսակցությունների տեղական կազմակերպություններն իրենց գուծունեությունն իրականացնում են մշակութային, հայրենակցական, բարեգործական և մարզական միությունների, պարբերականների միջոցով:

Արգենտինայում գործում է Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու Արգենտինայի թեմը (առաջնորդանիստը` Սբ. Գրիգոր Լուսավորիչ Եկեղեցի, հոգևոր առաջնորդ` Գիսակ արք. Մուրադյան): Արգենտինայում գործում են վեց Հայ Առաքելական, մեկ Հայ Կաթողիկե և երկու Հայ Ավետարանական եկեղեցիներ, ամենօրյա և կիրակնօրյա հայկական դպրոցներ: 1911 թվականից ի վեր Արգենտինայում գործում են հայկական կազմակերպություններ` ՀԲԸՄ-ի Բուենոս Այրեսի և Կորդոբայի մասնաճյուղերը, «Արմենիա» մշակութային ընկերակցությունը (ստեղծվել է 1951թ.` ՀՅԴ հովանավորությամբ), ՀՅԴ, ՌԱԿ, ՍԴՀԿ տեղական կազմակերպությունները` իրենց մշակութային, կրթական, երիտասարդական և մարզական ենթակառույցներով, ՀOՄ-ի մասնաճյուղը, Հայկական ազգային կոմիտեի Հարավային Ամերիկայի մասնաճյուղը, Արգենտինահայ մշակութային միությունը, Հայ-արգենտինական աևտրաարդյունաբերական պալատը, Մարաշի, Հաճընի Հայրենակցական միությունները, Հայագիտական ուսուցման հիմնարկությունը, Արգենտինահայ գրողների միությունը, «Հայաստան» համահայկական հիմնադրամի Արգենտինայի մասնաճյուղը, Հայ ազգային համագումարը, Արգենտինահայ իրավաբանների միությունը և այլ կազմակերպություններ:

Արգենտինայում ՀՀ դեսպանության նախաձեռնությամբ 2009 թվականից Բուենոս Այրեսում գործում են Արգենտինահայ երիտասարդ արհեստավարժների միությունն ու Արգենտինահայ իրավաբանների ընկերակցությունը:

Արգենտինայի հայ համայնքի կենտրոնական մարմիններից է Հայաստանյայց Առաքելական Եկեղեցու Հոգաբարձությունը` «Հայ կենտրոն» անվամբ: Բոլոր կազմակերպություններին առընթեր գործում են կրթական, երիտասարդական, բարեգործական, կանանց կառույցներ, որոնց կից ստեղծված են պարային համույթներ և երգչախմբեր:

Արգենտինայում գործում են Սուրբ Գրիգոր Լուսավորիչ, ՀԲԸՄ Մարի Մանուկյան, Խրիմյան կրթական հաստատությունները, Մխիթարյան վարժարանը, Վիսենտե Լոպեսի հայկական դպրոցը, Արծրունի և Բագչեջյան վարժարանները:

1968 թվականից Բուենոս Այրեսում գործում է Հայ-արգենտինական դպրոցը, որը երախտագիտության տուրք է Արգենտինայի կառավարությանը հայ բարեգործներ քույր և եղբայր Սիրանուշ ու Պողոս Արզումանյանների կողմից: Դպրոցը պատկանում է քաղաքի կառավարությանը, գործում է պետական ծրագրով: Աշակերտներն արգենտինացիներ են, ովքեր սերտում են հայոց պատմություն և մշակույթ, հայկական երգ և պար:

1985 թ. ապրիլի 23-ին Արգենտինայի Ազգային կոնգրեսը միաձայն որոշում է ընդունել Հայոց Ցեղասպանությունը դատապարտելու մասին: 2003 թ. օգոստոսի 20-ին Հայոց Ցեղասպանության փաստը ճանաչել է Արգենտինայի խորհրդարանը, իսկ 2005 թ. ապրիլի 20-ին` Սենատը:

Արգենտինայում լույս է տեսնում յոթ հայկական թերթ` «Սարդարապատ» (ՌԱԿ) և «Արմենիա» (ՀՅԴ) շաբաթաթերթերը, «Նոր Սևան», «Խեներասիոն» (իսպ.), «Վարդանանք», «Արարատ», «Նոր Հաճըն» պարբերաթերթերը: Իսպաներենով եթեր է արձակվում երեք ռադիոծրագիր:

Բուենոս Այրեսի բազմաթիվ հրապարակներից երկուսը կրում են «Արմենիա» և «Արարատ» անվանումները: «Արմենիա» հրապարակում տեղադրված է Մեծ Եղեռնի նահատակներին նվիրված խաչքար (նվիրաբերել է Գևորգ Կարագյոզյանի ընտանիքը), իսկ «Արարատ» հրապարակում` Ծիծեռնակաբերդի հուշահամալիրի փոքրաչափ կրկնօրինակը:

Լա Պլատայի կենտրոնական հրապարակներից մեկում 2009թ. տեղադրվել է Հայաստանում կերտված խաչքար: Բուենոս Այրեսի Պալերմո թաղամասի Արմենիա փողոցում 1998 թ. կառուցվել է Սարդարապատի հերոսամարտի հուշարձան-կոթող:
2009թ. հոկտեմբերի 1-ին Բուենոս Այրեսի «Հայ կենտրոնի» տարածքում տեղադրվել է Ղարաբաղյան ազատամարտում նահատակված հայ մարտիկների հիշատակը հավերժացնող` Սփյուռքում առաջին խաչքար-հուշակոթողը:

Լուսանկարներում
1. Արցախյան ազատամարտի զոհերի հիշատակին նվիրված հուշակոտող Բուենոս Այրեսում: 2. Հայ-արգենտինական բարեկամությունը խորհրդանշող հայկական խաչքար Լա Պլատայում: 3. ՀԲԸՄ Արգենտինայի մասնաճյուղի շենքը Բուենոս Այրեսում: 4. «Սահակ Բակչեջյան» (Պաղչեճյան) Ազգային ամենօրյա վարժարան Բուենոս Այրեսում (հիմնվել է 1962թ.): 5. Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված հուշարձան Բուենոս Այրեսում (տեղադրվել է 1985թ.): 6. Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված հուշարձան Բուենոս Այրեսում (տեղադրվել է 1990թ.): 7. Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված հուշարձան Բուենոս Այրեսում (տեղադրվել է 1961թ.): 8. Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված հուշարձան Կորդոբայում (տեղադրվել է 1996թ.): 9. Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված հուշարձան Ռոսարիոյում (տեղադրվել է 2005թ.):

You may also like...