Ավստրալիա

Առաջին հայերն Ավստրալիա մայր ցամաք գաղթել են 19-րդ դարի կեսին Հնդկաստանից, Ինդոնեզիայից, Սինգապուրից և Հարավարևելյան Ասիայի այլ երկրներից, Արևմտյան Հայաստանից: Հետագայում հայերին Ավստրալիայում հաստատվելու գործում հատկապես աջակցել է Սինգապուրում լույս տեսնող «Ուսումնասեր» հայալեզու լրագրի խմբագրակազմը (1849-53թթ.), որի խմբագիր Գրիգոր Գալստյանը (Գալստանյան) և առևտրական Մելքում Մանուկ Նորջուղայեցին Ավստրալիայում հաստատված 175 առաջին հայերից էին:

1891 թ. տվյալներով` Ավստրալիայում բնակվել է ընդամենը մի քանի տասնյակ հայ: 1918 թ. Մեծ Եղեռնից մազապուրծ փոքրաթիվ հայ գաղթականներ` գլխավորապես բարեգործական կազմակերպությունների միջոցով, ապաստանել են Ավստրալիայում` բնակություն հաստատելով Սիդնեյ և Մելբուռն քաղաքներում, աշխատել են ոսկու հանքերում, գործարաններում, պետական գրասենյակներում, զբաղվել արհեստներով, առևտրով, նաև հողագործությամբ: 1918-20 թթ. Ավստրալիայի ներգաղթային քաղաքականության մեջ մտցվել է «անցանկալի տարագիրներ» հասկացությունը, ինչը որոշ չափով խոչընդոտել է հայերի մուտքը մայր ցամաք: Վիճակը փոխվելէ Երկրորդ համաշխարհային պատերազմից (1939-45թթ.) հետո, երբ Ավստրալիայի տնտեսության զարգացման ռազմավարական նպատակով կառավարությունը նպաստել է ներգաղթողների թվի ավելացմանը:

Ավստրալիա գաղթած հայերն այդ ժամանակաշրջանում ապահովվել են աշխատանքով ու կացարաններով: Որպես կազմակերպված միավոր, Ավստրալիայի հայ համայնքը ձևավորվել է 1950-ական թվականների վերջին: 1960-ական թվականների սկզբին երկրում բնակվել է շուրջ 1000 հայ: Հայերի զանգվածային նոր հոսքը Ավստրալիա (գլխավորապես` Եգիպտոսից, նաև` Միջին Արևելքի երկրներից և Իրանից) տեղի է ունեցել 1962-65 թթ: 1966 թ., ըստ պաշտոնական մարդահամարի տվյալների, հայերի թիվն Ավստրալիայում կազմել է 6 հազար, 1970-ական թվականներին` ավելի քան 13 հազար: Ավստրալահայ գաղութը հաջորդող տարիներին ևս աճել է` Իրաքից, Սիրիայից, Լիբանանից, Կիպրոսից, Սուդանից, Եթովպիայից, Թուրքիայից, Հունաստանից, Ռումինիայից, Բուլղարիայից, Ֆրանսիայից, վերջին շրջանում` նաև Հայաստանից գաղթած հայերի հաշվին:

2009 թ. տվյալներով` Ավստրալիայում բնակվում է շուրջ 60 հազար հայ, ովքեր կենտրոնացված են Սիդնեյ (42 հազար) և Մելբուռն (13 հազար) քաղաքներում: Փոքրաթիվ հայ համայնքներ կան Պերտ, Ադելաիդա, Բրիզբեն, Հոբարտ, Կանբեռա քաղաքներում: Համայնքի անդամների հիմնական մասը հայախոս է:

Ավստրալահայ համայնքի ներկայացուցչական մարմինը Թեմական խորհուրդն է: Սիդնեյում և Մելբուռնում գործում են Հայ Առաքելական, Հայ Կաթողիկե և Հայ Ավետարանական եկեղեցիներ, ամենօրյա երեք և մեկօրյա վեց վարժարան: Ազգային կյանքը կազմակերպում են ՀՅԴ-ի, ՌԱԿ-ի, ՍԴՀԿ-ի տեղական մարմինները, Համազգային հայ կրթական և մշակութային միության, Թեքեյան մշակութային միության, Նորս երունդ մշակութային միության, ՀԲԸՄ-ի, ՀՕՄ-ի, ՀՄԸՄ-ի, ՀՄՄ-ի, ՀԵՄ-ի մասնաճյուղերը:

Գործում են երիտասարդական և մարզական միություներ, թատերախմբեր, երգչախմբեր, պարախմբեր: Հայերն ունեն ծերանոց` «Հայ հանգստյան տուն»: Լույս են տեսնում հայերեն պարբերականներ: Գործում են հայկական ռադիոժամեր:

Լուսանկարներում

1. Մեծ Եղեռնի զոհերի հիշատակին նվիրված հուշարձան Սիդնեյում, 1989թ.: 2. Սիդնեյի Հայ Կաթողիկե եկեղեցի: 3. Մեծ Եղեռնի զոհերի հիշատակին նվիրված հուշարձան Սիդնեյում, 1999թ.: 4. Ավստրալիայի Համազգային Հ. Թումանյան դպրոցի անձնակազմը: 5. Սիդնեյի Սուրբ Հարություն եկեղեցի` Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու Ավստրալիայի թեմի առաջնորդանիստ: