Անուշավան Տեր-Ղևոնդյան

«Հայրենիքի ձայն», 13 մայիսի, 1987թ.
Սեյրանուհի Գեղամյան

Երեւանյան մի փոքրիկ, մտերմիկ բակում, ուր 40-ական թվականներին ապրում էր նաեւ կոմպոզիտոր Անուշավան Տեր-Ղեւոնդյանը, ամեն տարի գարնանը մի ցանկալի հյուր էր «ժամանում», բակի երկնասլաց բարդիներից մեկին իր բույնն էր նորոգում ճերմակաթեւ արագիլը… Աշնանը նորից չվում էր ինչ-որ հեռու երկիր՝ մարդկանց գարնանային սպասումների հետ պարգեւելով նաեւ իր վերադարձի ուրախությունը: Մի աշնան էլ բակի երեխաները որոշում են չվելուց առաջ արագիլի տոտիկին նամակ ամրացնել՝ իմանալու համար, թե արդյոք որտե՞ղ է հյուրընկալվում, որտե՞ղ է տաքուկ անկյուն գտնում իրենց բակի «բնակիչը»: Եւ հաջորդ գարնանը արագիլը բերում է պատասխանը, բերում է Հնդկաստանի Կալկաթա քաղաքի հայկական դպրոցից… Ինչպե՞ս էր արագիլը կարողացել գտնել Երեւանից դեպի Կալկաթայի հայերը տանող ճանապարհը, ի՞նչն էր առաջնորդել նրան դեպի այդ հարազատ անկյունը: Պատահական զուգադիպությո՞ւն էր, բնության առեղծվա՞ծ, թե՞ կենդանական անսխալ բնազդ… Այս հարցերը հուզեցին նաեւ կոմպոզիտոր Անուշավան Տեր-Ղեւոնդյանին: Հուզեցին եւ պատճառ դարձան, որ նա գրի «Արեւի ցոլքերում» մանկական օպերան, որը շուտով բեմադրվեց Երեւանի օպերային թատրոնում՝ երկար տարիներ հրճվանք պարգեւելով պատանի հանդիսատեսներին:

Անուշավան Տեր-Ղևոնդյան

Անուշավան Տեր-Ղևոնդյան

«Արեւի ցոլքերում»-ը կոմպոզիտորի օպերային երկրորդ ստեղծագործությունն էր: Առաջինը Լեւոն Շանթի «Հին աստվածներ» դրամայի հիման վրա գրված «Սեդա» օպերան է (1921թ.): Ընդհանրապես, Անուշավան Տեր-Ղեւոնդյանը հաճախ էր դիմում հայ գրողների գործերին՝ երաժշտական նյութ դարձնելով հատկապես նրանց մշակած ժողովրդական ստեղծագործությունները: Այդպես են ծնվել նրա «Անահիտ» բալետը՝ ըստ Ղազարոս Աղայանի համանուն հեքիաթի, «Ախթամար» սիմֆոնիկ պոեմը՝ ըստ Թումանյանի պոեմի, «Վահագնի ծնունդը» մոնումենտալ նվագախմբային ստեղծագործությունը եւ այլն:

Անուշավան Տեր-Ղեւոնդյանն այն արվեստագետներից էր, ովքեր հաստատապես համոզված են, որ ամեն մի ժողովրդի արվեստի ակունքները հենց ժողովրդի, ժողովրդականի մեջ են… 1914 թվականին, դեռեւս Պետերբուրգի կոնսերվատորիայի ուսանող՝ Տեր-Ղեւոնդյանն իր գործընկերոջ՝ երաժշտագետ եւ կոմպոզիտոր Սպիրիդոն Մելիքյանի հետ մեկնում է Շիրակի շրջան՝ ժողովրդական երգեր ձայնագրելու: Այդ ուղեւորության արդյունքը լինում է 1917 թվականին լույս տեսած «Շիրակի երգարան» ժողովածուն, ուր տեղ գտած մեղեդիներին հետագայում բազմիցս անդրադարձել են հայ կոմպոզիտորները: Ինքը՝ Անուշավան Տեր-Ղեւոնդյանը, այդ մեղեդիները հիմք ունենալով, գրեց «Շիրակյան էտյուդներ» նվագախմբային շարքը:

Տեր-Ղեւոնդյանի երաժշտական բազմաժանր ժառանգությունում ուրույն տեղ ունեն նուրբ, արտահայտիչ երգերը, ռոմանսները, գործիքային եւ երգչախմբային ստեղծագործությունները: Հատկապես սիրված են նրա «Կաքավիկ», «Աշուն», «Ուռի», «Կովկասյան քաջեր» ստեղծագործությունները, ժողովրդական մի շարք երգերի մշակումները, որոնք ցավոք սրտի մեր օրերում շատ հազվադեպ են հնչում:

Այն դժվար տարիներին, երբ ամենուր դրվում էին նոր կյանքի հիմքերը, Անուշավան Տեր-Ղեւոնդյանն իր եռանդն ու կարողությունները սիրով նվիրաբերեց երիտասարդ երաժիշտների դաստիարակության գործին ոչ միայն Հայաստանում, այլեւ Վրաստանում ու Ադրբեջանում, եղավ Երեւանի, ապա Բաքվի կոնսերվատորիաների տնօրենը, երկար տարիներ դասավանդեց Թբիլիսիի կոնսերվատորիայում: 1938-ից սկսած մինչեւ կյանքի վերջն իբրեւ պրոֆեսոր նա ղեկավարեց Երեւանի կոնսերվատորիայի երաժշտության պատմության եւ տեսության ամբիոնը:

…1959-ին էր, աշնանային մի օր Անուշավան Տեր-Ղեւոնդյանն իր սովորական երեկոյան զբոսանքից տուն վերադարձավ հաճելիորեն քիչ հուզված. «Գիտեք,- ասաց նա տնեցիներին,- Քանաքեռում երաժշտական դպրոց է բացվել: Տնօրենին հանդիպեցի, ասաց, որ ուզում են դպրոցն իմ անունով կոչել, ես առարկեցի. չէ՞ որ կենդանի մարդու անունով սխալ է դպրոց անվանակոչելը…»:

Բայց աչքերում ու ժպիտի մեջ գոհունակության թրթիռներ կային:

… 1961-ին, կոմպոզիտորի մահից հետո, ընդառաջելով Քանաքեռի երաժշտական դպրոցի տնօրինության ցանկությանը, հանրապետության կառավարությունը որոշեց դպրոցը կոչել Անուշավան Տեր-Ղեւոնդյանի անունով:

You may also like...