Անունը՝ «Դոն Քիշոտ»

Սեյրանուհի Գեղամյան, Շարունակվող երկխոսություն, Երևան, 2007թ.
«Հայրենիքի ձայն», 1989թ.

Աշխարհում սակավ է այն մարդկանց թիվը, ովքեր մանկությունից սիրած ու կարեկցած չլինեն արդարություն հաստատելու երեւակայությամբ ապրող, միայնակների ու տկարների համար պայքարող, գեղեցիկ երազների ետեւից գնացող տխուր պատկերի ասպետ Դոն Քիշոտին, որը դարձել է հավերժական մի թեմա՝ բոլոր ժամանակներում էլ գրավելով գրողներին ու նկարիչներին, կոմպոզիտորներին ու բեմադրիչներին:

Իհարկե, պատահական չէ նման հարատեւ հետաքրքրությունը. չէ՞ որ աշխարհը կառուցված է հենց արդարության ու երազների ետեւից գնացող նման սակավ «խենթերից» եւ այդ ամենը ծաղրող, քարկոծող, թեթեւաբարո ու թեթեւամիտ մեծամասնության հավերժական պայքարից:

Ահա թե ինչու այս դժվար ու շփոթ օրերին դոնքիշոտյան թեման գրավեց նաեւ փարիզաբնակ բեմադրիչ Նարեկ Դուրյանին, որը Երեւանի պատանի հանդիսատեսի թատրոնում իրականացրեց «Դոն Քիշոտի» իր տարբերակը՝ ըստ Բուլգակովի համանուն պիեսի, համեմելով այն իր իսկ գրած սքանչելի երաժշտությամբ ու երգատեքստով:

Նրանք, ովքեր Երեւանի մարզահամերգային համալիրում հնարավորություն ունեցան դիտելու Նարեկ Դուրյանի բեմադրությունը, անշուշտ, ընկալեցին, որ նյութն ընտրված է ոչ ինքնանպատակ, ո՛չ էլ ավանդության ուժով: Բեմադրիչն այդ գործի մեջ ձգտել է ներդնել սեփական հոգու երազները, կարոտները, կորցրած անցյալը փնտրող մարդու զգացմունքները, ցանկացել էր ցույց տալ, որ մեր ժամանակներում էլ գեղեցիկ ու սուրբ երազների ետեւից գնացողների պայքարը շատերն ընկալում են որպես փուչ, երեւակայական հողմաղացների դեմ տրվող անօգուտ, անպտուղ կռիվ: Ու թեեւ դաժանորեն քարկոծվում, ծաղրվում են Դոն Քիշոտը (դերակատար՝ ՀԽՍՀ վաստակավոր արտիստ Մ. Կարագյոգյան) եւ նրա հավատարիմ զինակիցը՝ Սանչոն (դերակատար՝ Գ .Աբրահամյան), բայց նրանք մնում են հաստատակամ՝ պայքարելու հանուն արդարության, որպես թույլերի ու անօգների պաշտպան եւ հպարտորեն ազդարարում են, թե՝ «մենք գնում ենք ասպետության ճանապարհով»:

Ի դեպ, բեմադրիչը հատուկ համակրանքով է վերաբերվել Սանչոյին, նրա մոլորված, շփոթված, իր փոքրիկ գյուղը խորապես սիրող կերպարում ինչ-որ չափով կենտրոնացնելով սփյուռքահայության խորհրդանիշը:

Ներկայացումը իսկապես հայրենի եւ սփյուռքահայ արվեստագետների համագործակցության հրաշալի օրինակ է: Ինքը՝ Նարեկ Դուրյանը, ծանոթ անուն է մեզանում, որդին՝ տաղանդավոր նվագավար Օհան Դուրյանի: Ավարտել է Երեւանի գեղարվեստաթատերական ինստիտուտի դերասանական ֆակուլտետը: Տարիներ առաջ հաստատվելով Փարիզում՝ նա սերտորեն կապվում է հայ համայնքի մշակութային կյանքին՝ այնտեղ հիմնելով թատերախումբ, որի հետ աշխատելուն զուգընթաց նկարահանում է կարճամետրաժ ֆիլմեր: Այս ընթացքում էլ ի հայտ են գալիս բեմադրիչի նրա մեծ ավյունն ու շնորհաշատությունը: Եւ երբ 1988 թվականին Մարսելի «Արամ Խաչատրյան» հիմնադրամի նախաձեռնությամբ եւ օժանդակությամբ Մարսելի պետական թատրոնում որոշվում է իրականացնել Արմեն Տիգրանյանի «Անուշ» օպերան՝ բեմադրությունը վստահվում է Նարեկին, իսկ նվագավարական հարթակին կանգնում է Օհան Դուրյանը, որի բացառիկ զգացմունքային ու նրբերանգ ղեկավարությունը մեծապես նպաստում է ներկայացման հաջողությանը:

Սակայն բնական է, որ Նարեկի երազանքի ճանապարհը ձգվում է դեպի հայրենիք, դեպի իր անցյալը, հարազատ վայրերը: Եւ վերջապես հնարավորություն է ստեղծվում իրականացնելու տարիների երազանքը՝ պատանի հանդիսատեսի թատրոնի համագործակցությամբ: «Դոն Քիշոտի» բեմադրության նախօրեին Երեւանի զանազան վայրերում փակցված բազմաթիվ ազդագրերի մեջ ուշադրություն էր գրավում հատկապես մեկը, որի յուրահատուկ ոճը հուշում էր, թե այն պատկանում է ֆրանսահայ մեր մեծ հայրենակցի՝ Գառզուի գրչին: Այո, իմանալով Նարեկ Դուրյանի մտադրության մասին եւ ընդառաջելով նրա խնդրանքին, Գառզուն ներկայացման համար գծեց գեղեցիկ ու ինքնատիպ հայտագիր, որը ներկայացում հաճախած յուրաքանչյուր հանդիսատես պահում է որպես թանկ հիշատակ: Փոքրիկ առաջաբանով հանդիսատեսին դիմել է նաեւ Ռուբեն Մելիքը, զգեստների ձեւավորումն իրականացրել է բեմադրիչի կինը՝ Շուշանիկ Ջրբաշյանը:

Ջերմ զգացումներով շնորհավորելով ներկայացումն իրականացնող հայրենի եւ սփյուռքահայ բոլոր արվեստագետներին՝ ուզում ենք մաղթել, որ նման համագործակցությունը դառնա հայրենիք-սփյուռք կապերի ամենագործուն ձեւերից մեկը, իսկ դոնքիշոտյան երազները երբեք չլքեն մեր ժողովրդին:

You may also like...