Անհանգիստ ու որոնող մարդը

«Հայրենիքի ձայն», 1983թ.
Սեյրանուհի Գեղամյան, Շարունակվող երկխոսություն, Երևան, 2007թ.

Մանկության հեքիաթը

Երբ Ծովակ Համբարձումյանը պատմում էր իր կյանքի պատմությունը, ես ակամա հիշեցի ժողովրդական հեքիաթների այն հայտնի հերոսին, որն իր երազը որոնելիս հանդիպում է երեք անհայտ ճանապարհի ու մտորում, թե դրանցից ո՞րն արդյոք ընտրի, եւ ընտրում է մեկը, ամենադժվարը, այն միակը, որը կարող էր նրան հասցնել իր որոնածին: Այդ «ճանապարհներից» առաջինը Ծովակ Համբարձումյանի համար նկարչությունն էր: Մանկական առաջին թոթովանքների հետ նա թղթին է հանձնել իր աշխարհը, իր գույներն ու երազները:

tsovak-hambardzumyan1

Այդ աշխատանքները մրցանակ են ստացել 1926-ին, Թբիլիսիում կայացած սովետական եւ չին երեխաների առաջին համատեղ ցուցահանդեսում, երբ նրանց հեղինակը ընդամենը… երեք տարեկան էր: Իսկ 1934-ին Մոսկվայում կազմակերպված միջազգային առաջին մանկական ցուցահանդեսում Ծովակ Համբարձումյանի աշխատանքները արժանացան երրորդ մրցանակի եւ շրջեցին աշխարհի բազմաթիվ երկրներում: Հետո էլի շատ ցուցահանդեսներ ու մրցանակներ են եղել, շատ գովեստներ ու խրախուսանքներ:

Փոքրիկ Ծովակը սիրում էր նկարել կենդանիներ եւ հատկապես ձիեր, մանկական հոգու բնազդով զգալով այդ կենդանու մեջ ամփոփված բոլոր գեղեցկությունները: Բայց նկարչությունը կարծես նախանշված ճանապարհը չէր:

Հնչյունների կախարդական ճանապարհը

Ներքին մեծ ավյունը, շարժունակությունը, մոլեգին որոնումները նրան ձգեցին նոր աշխարհ՝ հնչյունների կախարդական աշխարհը: Եւ բոլորի համար անսպասելի, 1939 թվականին, «Սասունցի Դավիթ» էպոսի տոնակատարության 1000-ամյակի առթիվ հայտարարված երաժշտական ստեղծագործությունների մրցանակաբաշխությունում հայտնվեց նոր անուն՝ Ծովակ Համբարձումյան, որի «Երկու երկ դաշնամուրի համար» ստեղծագործությունն արժանացավ խրախուսական մրցանակի: Իսկ 1942-ին մեկ այլ մրցանակաբաշխությունում առաջնություն ստացան պրոֆեսոր Անուշավան Տեր-Ղեւոնդյանը եւ 19-ամյա Ծովակ Համբարձումյանը: Ու տարեցտարի ավելացավ ստեղծագործությունների ու մրցանակների թիվը, երիտասարդ կոմպոզիտորին բերելով ճանաչում ու վաստակ:

Եւ որովհետեւ, կամ ավելի ճիշտ հենց այն պատճառով, որ Ծովակ Համբարձումյանը իսկապես անհանգիստ ու շարժուն մարդ է, նա գնաց դեպի առավել շարժումը, պլաստիկան եւ սկսեց ստեղծագործել խորեոգրաֆիկ պարերի բնագավառում: 1967-ին խորեոգրաֆիկ պարերի համամիութենական առաջին փառատոնում նա «Զեյթունցիներ» պարի համար արժանացավ խրախուսական մրցանակի, իսկ երկրորդ փառատոնում դարձավ դափնեկիր՝ «Արշալույսին ընդառաջ» խորեոգրաֆիկ պարերի համար, որոնց բեմադրությունն իրականացրել էր ՌՍՖԱՀ ժողովրդական արտիստ Մաքսիմ Մարտիրոսյանը:

Համբարձումյանի ստեղծած բազմաթիվ պարեղանակները, այդ թվում՝ «Սիրո պարը», «Կատակ պարը», «Ալյումինագործները», «Երկու ափը», «Հայկական մանրաքանդակները», «Ծամերով պարը», «Կժերով պարը» եւ այլն, մշտապես տեղ են գտել մեր հանրապետության առաջնակարգ պարային անսամբլների ծրագրում եւ դարձել պարողների ու հանդիսատեսների սիրելի ստեղծագործություններից:

Ոչ թե հրապուրանք, այլ կյանքի գործ

1977 թվականին հանրապետական թերթերից մեկում լույս տեսավ «Ո՞վ է նվագելու քամանչա» հոդվածը, որի հեղինակն էր Ծովակ Համբարձումյանը: Հոդվածը գրված էր մեր ազգային գործիքների ապագայի, իսկական, մաքուր ազգային նվագարաններին տիրապետող երաժիշտներ պատրաստելու մտահոգությամբ: Այս հոդվածին հաջորդեցին Համբարձումյանի «Ո՞վ է նվազելու կլարնետ», «Քամանչայի եւ համրացած սանթուրի մասին» հոդվածները, որոնք հասարակական լուրջ արձագանք գտան:

Իսկ Համբարձումյանն ինքը ազգային նվագարանների նկատմամբ ունեցած մտահոգությամբ սկսեց անձամբ փնտրել ու գտնել ժողովրդական նվագարաններ, ու տարիների հետ Ալեքսանդր Սպենդիարյանի տուն-թանգարանին կից ստեղծվեց ազգային նվագարանների մշտական գործող մի հարուստ ու կարեւոր թանգարան, որի ֆոնդերում կան բազմաթիվ հազվագյուտ նվագարաններ, որոնք մեծ արժեք են ներկայացնում ինչպես ազգագրական, այնպես էլ երաժշտական եւ կատարողական արվեստի տեսակետից: Այս կարեւոր գործում իրենց ներդրումն ունեն նաեւ սփյուռքահայերը:

Ազգային նվագարաններ հավաքելը Ծովակ Համբարձումյանի համար սոսկ հրապուրանք չէ, այլ կյանքի գործ, նպատակ:

Բայց միայն այս չէ նրա կյանքի գործը: Նա մեծացել է մի մթնոլորտում, որտեղ ամեն օր հիշատակվում էին հայ ժողովրդի նշանավոր զավակների՝ Կոմիտասի, Դանիել Վարուժանի, Սիամանթոյի, Գրիգոր Զոհրապի եւ այլոց անունները: Քիչ է ասել հիշատակվում էին, նրանց տան մթնոլորտը ուղղակի շնչում էր այդ հիշատակներով, քանի որ նրա պապը՝ Տեր-Մեսրոպ Մեսրոպյանը, 1900-ական թվականների սկզբին Պոլսի Ղալաթիա թաղամասի եկեղեցու ավագ քահանան էր, իսկ եկեղեցու շուրջ, բնականաբար, մանավանդ այդ դժվար ժամանակներում, համախմբված էր թաղամասի ողջ մտավորականությունը: Մայրը՝ Աղավնի Մեսրոպյանը, օժտված լինելով երաժշտական մեծ ընդունակություններով, աշակերտելէ Կոմիտասին, որի մասին արժեքավոր հուշեր ունի հրատարակած: Հետագայում Տեր-Մեսրոպը հալածանքներից պարտադրված՝ տեղափոխվում է Լոնդոն: Լոնդոնում Աղավնի Մեսրոպյանը հաջողությամբ սովորում եւ ավարտում է Հենդելի անվան երաժշտական ակադեմիան, ինչպես նաեւ նկարչական ակադեմիան եւ հայրենիք տեղափոխվելուց հետո մեծ ավանդ է ներդնում հայրենի կատարողական արվեստի զարգացման գործում: Ահա այս մթնոլորտում Ծովակ Համբարձումյանը եւս պահանջ եւ պարտավորություն էր զգում ինչ-որ ձեւով առնչվել աշխարհասփյուռ հայության հետ: Ու նա նամակագրական կապեր է հաստատում արտասահմանում ապրող պարարվեստի հայ նվիրյալների հետ, ձգտելով նրանց օգտակար լինել ինչով կարող էր: Նրա հավաքած կենսագրական տեղեկությունների մի մասը օգտագործվել է Հայկական հանրագիտարանի էջերում: Այս նամակագրության միջոցով Համբարձումյանն ստեղծում է պարարվեստի մի տեսակ «հեռակա դպրոց», որը, կարելի է ասեր բավական օգտակար ու արդյունավետ է: Այդ են վկայում նրա ստացած շնորհակալական բազմաթիվ նամակները:

Տուն-թանգարանի տնօրենը

Երեւանի Նալբանդյան եւ Թումանյան փողոցների հատման անկյունում կա մի բնակելի տուն՝ հետեւյալ ցուցանակով. «Այս տանն ապրել եւ ստեղծագործել է Ալեքսանդր Սպենդիարյանը»: Բոլորը գիտեն, որ այս թանգարանի տնօրենը արդեն երկար տարիներ Ծովակ Համբարձումյանն է: Սպենդիարյանի հիշատակի, ստեղծագործական ժառանգության, նրա դավանած սկզբունքների նկատմամբ ունեցած մեծ հարգանքը, իսկական, ազգային երաժշտության մասսայականացման մղումը եւ ի ծնե անհանգիստ բնավորությունը տնօրենին թույլ չեն տալիս սահմանափակվել միայն թանգարանի տարածքով, թեեւ այստեղ էլ նա մեծ գործեր է կատարում: Թանգարանի կազմակերպած միջոցառումների աշխարհագրությունը շատ լայնատարած է՝ ամենատարբեր ձեռնարկություններ ու ուսումնական հաստատություններ, Հայաստանի ամենահեռավոր շրջաններ ու գյուղեր: Հայկական երաժշտության պրոպագանդման եւ այլ աշխատանքների համար թանգարանը չորս անգամ պարգեւատրվել է ԽԱՀՄ մշակույթի նախարարության պատվոգրերով, ինչպես նաեւ հանրապետական 60-ից ավելի պատվոգրերով ու հուշամեդալներով: Իսկ թանգարանի տնօրենը՝ Ծովակ Համբարձումյանը, արժանացել է Հայկական ՍԱՀ արվեստի վաստակավոր գործչի կոչման:

Եւ զարմանալի չէ, որ նրա կենսագրությունը ինձ ակամա հիշեցրեց ժողովրդական հեքիաթների այն հայտնի հերոսին, որ կանգնած երեք ճանապարհների սկզբում՝ մտածում է, թե որտե՞ղ է արդյոք իր երազանքը: Իսկ նա քայլեց այդ երեք ճանապարհներով ու հայտնվեց մի տեղում, որտեղ ինքն է օգնում շատերին այդ երազ-ճանապարհները գտնելու…

You may also like...