Անավարտ զրույց Սոս Սարգսյանի հետ

«Հայրենիքի ձայն», 1985թ.
Սեյրանուհի Գեղամյան, Շարունակվող երկխոսություն, Երևան, 2007թ.

Նրա արտաքինում նախ գրավում են աչքերը. տխու՜ր, զարմանալի տխուր աչքերը, որոնց մեջ խտացած են իր կերտած հերոսների՝ Նահապետի ու Ձորի Միրոյի մեծ կորուստներն ու տառապանքները, Մկրտիչների անծայր թախիծը, Համբոյի անօգությունն ու հուսահատությունը, Դիլան դայու անմեկնելի կարոտը… Բայց այդ աչքերում նաեւ անառարկելի հաստատակամություն ու լույս կա, որոնք հավատ եւ վստահություն են ներշնչում՝ թե կա՛ ճշմարտություն, կա՛ ճիշտ ու շիտակ ապրելու ձեւ, պայքարելու ու հաղթանակելու ձեւ: Այո, այդ աչքերը յուրահատուկ խառնարան են մարդկային մեծ տագնապների ու ցավագին զգացումների, հույսի ու սպասումի, հուսահատության ու հավատի:

Վ. Շեքսպիր. «Ջոն արքա», Սունդուկյանի անվան թատրոն, 1981թ.

Վ. Շեքսպիր. «Ջոն արքա», Սունդուկյանի անվան թատրոն, 1981թ.

Եւ թերեւս դրանց շնորհիվ է, որ Սոս Սարգսյան դերասանի ներքին մեծ ալեկոծումները չեն պահանջում ո՛չ բուռն շարժումներ, ո՛չ հատուկ կեցվածքներ, ո՛չ բարձրագոչ բառեր:

– Հետաքրքիր է, Ձեր կերտած դերերից ո՞րն եք ամենաշատը սիրում:

– Չկա այսպիսի դեր, որ կարողանամ առանձնացնել ու ասել, թե սա՛ է իմ ամենասիրած դերը, քանի որ ըստ էության չսիրած դեր չունեմ: Այս իմաստով զարմանալի երջանիկ մարդ եմ: Կարծես այնպես է պատահել, որ ես խաղացել եմ այն դերերը, որոնք որ կուզենայի խաղալ, որոնք ինչ-որ ձեւով հոգեհարազատ են ինձ։ Բայց, երբ ֆիլմը կամ ներկայացումը լույս աշխարհ են գալիս ու ապրում են իրենց կյանքը, եւ հանդիսատեսը, ժողովուրդը սիրում կամ մերժում է իմ կերտած կերպարը՝ արդյունքում ինչ-որ մի հանրագումար, ինչ-որ գնահատական է ի հայտ գալիս, որը չի կարող չազդել նաեւ ինձ վրա: Ինձ այնպես է թվում, թե Նահապետի ու Ձորի Միրոյի դերերը ժողովրդի առջեւ իրենց քննությունը մինչեւ վերջ բռնեցին եւ կամա թե ակամա ես էլ հակված եմ կարծելու, թե դրանք են իմ ամենասիրած դերերը: Թեեւ պետք է ասել, որ այդ հարցի մասին ես ընդհանրապես չեմ մտածել: Եթե երբեւէ մտածել եմ, ապա ավելի հաճախ այն դերերի մասին, որոնք թերություններ ունեն, որոնք ամբողջությամբ ինձ չեն բավարարում եւ կուզենայի նորից խաղալ դրանք: Հաջողություններին ես հանգիստ, առանց ալեկոծությունների եմ վերաբերվում, իսկ անհաջողություններն ինձ սոսկալի տառապանք, ահավոր ցավ են պատճառում…

Ի՞նչը առանձնացնել եւ ի՞նչը ընդհանրացնել Սոս Սարգսյանի դերասանական արվեստում… Ըստ էության նրա բոլոր դերերն էլ կարելի է առանձնացնել, քանի որ դրանք բոլորն էլ ճշմարիտ են ու մասշտաբային, բոլորն էլ հյութեղ են ու կերպարային, ինքնատիպ ու հավաստի, որոնք մեկ անգամ տեսնելուց հետո մեկընդմիշտ տպավորվում են եւ տպավորվելով՝ ստիպում երկար ժամանակ խորհել իրենց մասին: Այնուամենայնիվ, Սոս Սարգսյանի արվեստի իսկությունը գնահատելու համար թերեւս ճիշտ կլիներ նրա դերերն առանձնացնել ըստ հոգեբանական, մարդկային որակների, մի կողմում նրանք, ովքեր կրողն են մեր լավագույն իդեալների, ովքեր երբեք իրենց չեն հանգստացնում, թե անհնար է ուղղել չարը, սխալը, անարդարությունը, ովքեր ապրում են ազնիվ բողոքի եւ հերոսաբար ըմբոստանալու սկզբունքով եւ պատրաստ են պայքարելու ու մեռնելու հանուն այդ սկզբունքի (Նահապետ, Ձորի Միրո, Մկրտիչ, Լեյտենանտ եւ ուրիշներ), մյուս կողմում նրանք, ովքեր ունեն միանգամայն տարբեր վարքագիծ ու ներաշխարհ, կեցվածք ու գործելակերպ, ովքեր սեփական «ես»-ին ու նպատակներին ստորադասում են աշխարհում ամեն ինչ (Զիմզիմով, Զամբախով, Յագո, Մացակ Ավագյան): Այս շարքում առավել ուշագրավ են վերջին երկուսը՝ մեր բեմում բոլոր ավանդույթներից դուրս Յագոն՝ իր նրբամիտ նենգությամբ եւ Մացակ Ավագյանը՝ ցինիկ, մարդկային որեւէ սրբություն չճանաչող, դեպի իր եսակենտրոն նպատակակետը անվրեպ գնացող կամային ու դավադիր կերտվածքով: Եւ դա բոլորովին «մի այլ» Սոս Սարգսյան է, բոլորովին նոր ոճի, նոր որակի, կեցվածքի, շարժուձեւի, նույնիսկ մեզ այնքան ծանոթ ու ճանաչելի ձայնը նույնը չէ, այն ստանում է իր այդ կերպարների բոլոր գույները, բոլոր երանգները:

Վ. Շեքսպիր. «Ջոն արքա», Սունդուկյանի անվան թատրոն, 1981թ.

Վ. Շեքսպիր. «Ջոն արքա», Սունդուկյանի անվան թատրոն, 1981թ.

– Այս ամենով հանդերձ ունե՞ք, արդյոք, նախընտրելի թեմա:

– Գիտեք, մի տեսակ դժվարանում եմ այդ հարցիս ճշգրիտ պատասխանել, քանի որ ես համարում եմ, թե դերասանը չի կարող մի թեմա ունենալ, թեկուզ եւ այն պատճառով, որ թեմա ընտրելը սոսկ իրենից չի կախված: Բայց կարող եմ ասել, որ անխախտ դիրքորոշում ունեմ: Ես հավատում եմ ուժեղ մարդուն, անհատին: Անհատ հասկացությունն ինձ համար մեծ երեւույթ է, նա՝ ուժեղ մարդը, շատ մեծ գործերի է ընդունակ: Ես միշտ մտածում եմ, որ յուրաքանչյուր արվեստագետ նախ իր համար պետք է ճշտի, թե ինչպիսի՛ քաղաքացի է ինքը, ինչի՛ է ընդունակ, ինչի՛ է կողմ կամ դեմ: Ընդհանրապիսությունը սոսկալի բան է արվեստում: Դերասանը կարող է եւ պարտավոր է տարբեր թեմաներ ունենալ, սակայն դիրքորոշումը պետք է լինի մեն միակը: Իմ դիրքորոշումը իմ ժողովրդին պետք լինելն է. այս է իմ ստեղծագործության խթանը, անկունքը, իմաստը…

Թավ, միեւնույն ժամանակ նուրբ խզվածությամբ նրա ձայնը հաճախ հնչում է ռադիոյով եւ հեռուստատեսությամբ: Նա սիրում է բանաստեղծություն կարդալ: Թերեւս այդ թավ, փոքր-ինչ խզված ձայնը Սոս Սարգսյանի շնորհների կարեւոր մասն է, որովհետեւ այդ ձայնը կարողանում է իր մեջ հավաքել բանաստեղծության ամենակարեւոր երանգները, կարողանում է շեշտել ամենակարեւոր ասելիքը, նաեւ այն, որ բառերի, տողերի արանքում է, որ թրթռացել է բանաստեղծի հոգում ու չի տրվել բառերին: Եւ ինչպե՜ս է այդ ձայնը մինչեւ հոգու խորքը հուզում ունկնդրին…

– Ի՞նչ տեղ ունի պոեզիան Ձեր կյանքում:

– Կարծում եմ, թատրոնն իմքնին պոեզիա է, առանց որի ես չեմ պատկերացնում իմ կյանքը: Իսկ բանաստեղծությունը, մասնավորապես հայ բանաստեղծությունը անչափ սիրում եմ: Ես լեփ-լեցուն եմ պոեզիայով եւ երբեք իմ զգացմունքներն այնքան ծայրահեղ սրության չեն հասնում, բացի այն պահից, երբ առնչվում եմ իսկական պոեզիայի հետ:

Այո, շատ առանձնահատուկ եւ ընդգրկուն է Սոս Սարգսյանի ձայնը, սակայն ավելի խոսուն է նրա լռությունը, նրա այն լռությունը, երբ սեղմած ատամներով, ինչ-որ չասված բառերից պրկված դեմքով նա լռում է (եւ ամեն ինչ դարձյալ տրվում է աչքերին): Լռությունը… որով նա վերհիշում է ծանր, տառապագին դրվագներ, որով նայում է թուրք յասավուլի աչքերին, կյանքի աչքերին, իր եւ ուրիշների հոգու խորքը, մեղանչած Հեղնարին, որով սպասում է մանկան ծնվելուն, որով միակ, միակ որդուն հանդարտ պատերազմ է ճամփում, որով այսօր քայլում է Երեւանի փողոցներով, մտորում, կշռում է աշխարհի չարն ու բարին, որով զննում, հետախուզում է մարդկանց, որովհետեւ վաղը բեմում կամ կինոպաստառի վրա միլիոնների համար պիտի բացահայտի նրանց:

– Կա՞ այնպիսի դեր, որ երազում եք խաղալ:

– Այո, այն բոլոր դերերը, որոնք պետք են իմ ժողովրդին, որոնց կարիքը կա այսօր, որոնք կարող են մի հարց բարձրացնել կամ մի հարցի պատասխանել, մի խնդիր հիշեցնել: Սակայն, ինչպես ամեն մի դերասան՝ հավիտենական երազանք ունեմ շեքսպիրյան դերեր խաղալ: Ես դա չափանիշ եմ համարում յուրաքանչյուր դերասանի համար որովհետեւ Շեքսպիրով կարելի է ստուգվել, ճշտել սեփական կարողություններն ու հնարավորությունները, որովհետեւ Շեքսպիրը միշտ արդիական է, Շեքսպիրի աշխարհը շատ է մերը՝ մեր բոլոր ժամանակների համար:

Ժամանակ, թատրոն եւ դերասան հասկացությունները շատ փոխկապակցված երեւույթներ են: Խոսել որեւէ դերասանի մասին, նշանակում է նախ ճշտել նրա փոխհարաբերությունները արդիականության, ժամանակի հետ: Սոս Սարգսյանը մի դերասան է, ով հիմնականում կերտել է դասական կերպարներ, սակայն նրա յուրաքանչյուր դերում ակնհայտ են այսօրվա խնդիրները, ժամանակակից մարդը՝ իր ներքին հզոր մղումնեով: Ցանկացած դարաշրջանի եւ ազգության դրամատուրգի, ինչպես նաեւ ռեժիսորի, յուրաքանչյուր մտահղացումը անցնում է Սոս Սարգսյան դերասանի կենդանի էության յուրաքանչյուր ծալքի միջով: Նա կարողանում է կերպարին հավելել ինչ-որ անբացատրելի մի բան, իսկ այդ «անբացատրելի ինչ-որ բանը» բոլոր իսկական արվեստագետների անմեկնելի գաղտնիքն է:

Մացակ Ավագյան, Ն. Զարյան «Հացավան», Սունդուկյանի անվան թատրոն, 1980թ.

Մացակ Ավագյան, Ն. Զարյան «Հացավան», Սունդուկյանի անվան թատրոն, 1980թ.

– Դա թերեւս բնազդս է, հանպատրաստից զգացողությունները, որ պահի, միջավայրի մեջ դերասանին մղում են սեփական ասելիքի: Իմ դերերը կերտելիս ես միշտ առաջնորդվում եմ ստեղծագործական բնազդով, եւ եթե եղել են պահեր երբ չեմ անսացել, չեմ ապավինել բնազդին՝ սխալվել եմ: Հզոր բան է մարդկային բնազդը:

Դժվար, չափազանց բարդ է դերասանի մասնագիտությունը: Դժվար է մանավանդ նրանց համար, ովքեր թատրոնի բեմին ու կինոպաստառին վերաբերվում են երկյուղածությամբ, երկրպագությամբ, պաշտամունքով: Սոս Սարգսյանը հենց այդպիսի դերասան է: Նա զգում է իր վիճակի ողջ ծանրությունը, պատասխանատվության այն կշիռը, որն ընկած է մարդկանց առջեւ Մարդ ներկայացնողի ուսերին: Նրա դերակատարումները երբեք չի կարելի խաղ անվանել առանց չակերտների, որովհետեւ ի՛ր խաղացած հերոսների ցավերին ու հուզումներին նա գումարում է իր հոգու ցավն ու տառապանքը, հուզումներն ու թրթիռները, նրա կերպավորած հերոսների մեջ միահյուսված են մարդկայինը ու դերասանականը, տաղանդն ու տքնանքը, կյանքն ու արվեստը:

– Ի՞նչն եք ինքներդ ամենաշատը գնահատում Ձեր մեջ, ընդհանրապես մարդու մեջ:

– Ամենաշատը գնահատում եմ իմ աններողամիտ վերաբերմունքը սեփական անձիս նկատմամբ: Բոլոր իրավիճակներում, բոլոր պարագաներում ես չեմ մոռանում, որ հայ մարդ եմ եւ պարտք ունեմ իմ ժողովրդի առաջ, նրա հետ կապված ինչ-որ չլուծված հարցեր ու խնդիրներ: Իմ հայ լինելու հանգամանքը գերիշխում է բոլոր մտքերիս, ապրումներիս, կրքերիս վրա: Իմ մեջ թերեւս գնահատում եմ իմ ժողովրդին միշտ հարազատ լինելու եւ նրա առջեւ մեծ պարտք ունենալու զգացումը: Ես երջանկություն եմ ունեցել իմ այդ զգացումները ներդնել նաեւ իմ կերտած դերերում՝ մասնավորապես Նահապետի եւ Ձորի Միրոյի կերպարներում, կերպարներ, որոնց ճակատագրերը կապված են այն ողբերգության հետ, որ հետեւանք էր աններելի ոճրագործության ու մեղքի: Եւ ես մտածում եմ նաեւ, թե որքան կարեւոր, որքան գնահատելի է մարդու մեջ մեղքի զգացողությունը: Իսկ, եթե որեւէ անհատ կամ ժողովուրդ զերծ է այդ զգացումից, ընդունակ չէ իրեն մեղավոր զգալ՝ ահավոր դժբախտություն է, մեծ արհավիրք կյանքում: Դա նաեւ մեծ հիասթափություն է մարդուց: Այդպիսիներին անասնական բնազդը ստիպում է միշտ ինքն իր կողմը լինել, բայց չէ՞ որ կա բարձրագույն զգացողություն՝ առաքինություն, բարոյականության նորմեր: Զարմանում ես, թե որքա՜ն, շատ է մութը, չտեսնելու ընդունակությունը այդպիսիների մեջ:

Անչափ կարեւոր եմ համարում ինքնազննումը, ինքնաքննումը: Մարդ պետք է կարողանա միշտ պեղել, փնտրել իր մեջ չարը եւ փնտրելով՝ աշխատել ամեն րոպե մաքրվել ազատվել դրանից…

Սա այն անավարտ երկխոսություններից մեկն է, որը բեմահարթակից կամ կինոպաստառից դեռ երկար կշարունակվի, կշարունակվի նրա տխու՜ր, զարմանալի տխուր աչքերի, թավ, նուրբ խզվածությամբ ձայնի, նրա մեծ լռության հետ, կշարունակվի նաեւ, որովհետեւ Սոս Սարգսյանի արվեստում շատ է այն խորհրդավոր, այն անմեկնելի «ինչ-որ բանը», որը միշտ իսկական արվեստագետների հոգու գաղտնիքն է:

You may also like...