Անանձնական ուրախություն

Սեյրանուհի Գեղամյան, Շարունակվող երկխոսություն, Երևան, 2007թ.
«Հայրենիքի ձայն», 1984թ.

Մենք՝ հայերս, հանգամանքների բերումով հաճախ ենք ականատես լինում ոչ սովորական մի երեւույթի, երբ մարդիկ թանգարաններին ու պատկերասրահներին են նվիրում այս կամ այն կերպ իրենց մոտ հայտնված արվեստի նշանավոր գործեր: Եւ որքան էլ հաճախ, սակայն երբեք չենք դադարում զարմանալ ու հիանալ այն բարձր մարդկային առաքինության առջեւ, երբ նվիրումի երջանկությունը, ուրիշներին ուրախացնելու երջանկությունը վեր է կանգնում անձնական բոլոր զգացումներից: Այդպիսի պահերին ես մտածում եմ, որ այդ մարդիկ իսկական հերոսներ են. չէ՞ որ նրանց նվիրածները իրեր չեն սովորական իմաստով, նյութական արժեք լինելուց զատ դրանք գեղեցկացնում եւ իմաստավորում են մարդկային առօրյան եւ ունակ են ջերմացնելու, օգնելու, սփոփելու դժվար, ծանր պահերին: Այդպիսի պահերի մենք նաեւ հիշում ենք սիրելի բանաստեղծի հանճարեղ տողը. «Տուր ինձի, տե՜ր, ուրախությունն անանձնական»:

Չգիտեմ, այդ հրաշալի ռուս կինը՝ Մարիա Կիրիեւան, որը վերջերս Մարտիրոս Սարյանի տուն-թանգարանին նվիրեց Վարպետի վեց աշխատանքները, գիտե՞ արդյոք Մեծարենցի այդ տողը, սակայն նա անկասկած հասել է այդ բարձր մարդկային վիճակին, ուրիշների ուրախությամբ ապրելու երջանկությանը: Այդ է հաստատում նաեւ Սարյանի թանգարանի տնօրեն Շահեն Խաչատրյանը՝ Մարիա Կիրիեւային ուղղած իր բաց նամակում. «…Մեր ծանոթության առաջին իսկ օրից Դուք հմայեցիք ինձ Ձեր արտակարգ մարդկայնությամբ: Հանձին Ձեզ, ես իսկական բարեկամ գտա: Մի օր, իմ հարցին, թե ինչի՞ մեջ է մարդու ամենամեծ ուրախությունը, Դուք պատասխանեցիք, այն ուրախության, որ անձնական չէ, չի սահմանափակվում սեփական ցանկությունների բավարարումով»:

1927 թվականից որպես ստորջրյա բույսերի մասնագետ Կիրիեւան աշխատել է Հայաստանում, ուսումնասիրել Սեւանը, շրջել ողջ երկիրը, սիրել է այն ու նրա մարդկանց: Եւ վերադարձից հետո, նա Սարյանի աշխատանքներով իր բնակարանում ստեղծել է յուրովի մի Հայաստան:

Ամիսներ առաջ թանգարանի տնօրինությանն ուղղված նամակներից մեկում Կիրիեւան գրում է. «Աշխատանքի բերումով ես շատ եմ ճամփորդել Հայաստանում, զգացել այդ զարմանալի երկրի ինքնատիպությունն ու գեղեցկությունը: Հաղորդակցվելով բազմաթիվ մարդկանց հետ՝ ես գտել եմ շատ բարեկամներ, որոնց հետ կապ եմ պահպանել ողջ կյանքիս ընթացքում:

…Ի՜նչ երջանկություն է, երբ ունեք սիրելի աշխատանք, շատ ընկերներ, երբ հիասքանչ է ձեզ շրջապատող բնությունը:

Երեւո՞ւմ է արդյոք ձեր թանգարանի պատուհանից Արարատը: Ես սիրում եմ նայել Արարատին: Նրա Գեղեցկությունն ու Վսեմությունը օգնում են ապրել, ինչպես եւ Մարտիրոս Սարյանի նկարները: Վերջին տարիներին, երբ ես սկսեցի մտածել Սարյանի նկարների մասին, թե ինչ է սպասում նրանց հետո, որոշեցի, որ ավելի լավ տեղ, քան Սարյանի թանգարանն է, չեմ գտնի: Եւ ուրախ եմ, որ իմ ցանկությունն իրականացավ:

Իմ նվերը թանգարանին դա իմ շնորհակալությունն է այն ամեն գեղեցկի համար, ինչով հարստացա ինչպես աշխատանքում, այնպես էլ Հայաստանի հրաշալի մարդկանց հետ հաղորդակցվելիս»:

Այո, իրականացավ Մարիա Կիրիեւայի ցանկությունը: Հիմա մոսկովյան նրա բնակարանում ազատ են այն տեղերը, որոնցում երկար տարիներ կախված են եղել մեծ Վարպետի վեց աշխատանքները: Ազատ են… Եւ, հավանաբար (ինչո՞ւ հավանաբար, անպայման) նրա բնակարանում զգալիորեն պակասել է լույսն ու ջերմությունը: Բայց աշխարհում ավելացել է մի ուրիշ բան. Հավատքը, հավատքը այն բանի հանդեպ, որ քո կողքին ապրում է, կա՛ Մարդը, որը կարող է երջանկանալ ուրիշների ուրախությամբ, որը քո երկիրը, մարդկանց ու արվեստը սիրում է իսկական, ճշմարիտ սիրով: Եւ թող հպարտ ապրի այդ Մարդը, որովհետեւ տասնամյակներ առաջ հայ հանճարեղ բանաստեղծի գրած տողում հնչում է նաեւ իր ձայնը.

«Տուր ինձի, տե՜ր, ուրախությունն անանձնական»:

You may also like...