Անակնկալ հանդիպում Սարուխանի հետ

Գարուն, թիվ 4, 1967թ.
Թորոս Թորանյան

Երբ Հայաստանի մեջ Սարուխանի անունը տաք, մարդիկ պիտի հիշեն «Մենք հայերեն չենք գիտեր» թատերգությունը։

Պատկերասփյուռի առնված այս գործը հայրենիքի մեջ շատ-շատերու սիրտին խոսած է։

Բայց Սարուխանը թատերագրի արժանիքներ ցուցաբերելով հանդերձ` գերազանցապես ծաղրանկարիչ է։

Զինք պետք է փնտրել Եգիպտոսի բարկ արևին տակ։ Բուրգերու շուքին տակ ալ նստած կըլլա երբեմն։ Ահա թե ինչու անակնկալ էր ինձի համար իրեն հանdիպիլ փարիզյան սրճարանի մը ոչ թե անկյունը, այլ դռան մոտիկը։ Մենք իրար չէինք ճանչնար, ծանոթ չէինք։ Բայց ահա ներս կմտնեմ ու.

– Բարև, պարոն Սարուխան, ինչպե՞ս եք։
– Հրամեցեք խնդրեմ, նստեցեք, ի՞նչ կառնեիք. սուրճ, թեյ, թե խմիչք։
– Նախ ծանոթանանք։
– Հա, իրավ, մոռցա, Դուք զիս կճանչնաք։ Բայց ես…

Անակնկալ հանդիպում Սարուխանի հետ

Անակնկալ հանդիպում Սարուխանի հետ

Մենք ծանոթացանք և հինգ րոպե վերջ արդեն մտերիմներ էինք Հայաստանեն մինչև Եգիպտոս երկարող կապով մը։
– Ուրեմն Մելքոնյանցի՞ ես։
– Այո։

– Ինձի հետ կէրթա՞ս պրն. Պողոս Գևորգյանենց տունը։ Եթե չեմ սխալիր, ձեր ուսուցչապետը եղած է։

Հիմա, Փարիզի գետնուղին անուշ-անուշ կօրորե մեզ, ու մենք հայուն չվերջացող ցավը կչափենք երկրե-երկիր։

Ինք նորություններ կուզե Հայաստանեն։ Ես կհարցնեմ Եգիպտոսի մեր գաղութին կյանքեն։

Անմիջապես կհայտնեմ իրեն մտադրությունս. «Գարունին» համար տեսակցություն մը ունենալու։ Սիրով կհամաձայնի։ Բայց, ափսոս, արդեն հասած էինք մեզի պետք եղած կայարանը։ Կընթրենք Մելքոնյանի մեր ուսուցչապետին՝ պարոն Գևորգյանին տան մեջ։ Այստեղ ալ խոսակցության նյութը մեկ քանի վայրկյան անձնականի շուրջ դառնալե վերջ կհանգի հայության և Հայաստանին։ Դարձյալ իջած ենք մետրո կոչված տեղը։ Դարձյալ մեր ճանապարհը մինչև ճամփաբաժան կետը երկար է։ Ուրեմն.

– Ինչո՞ւ, ե՞րբ և ո՞ւր ծնած եք, պարոն Սարուխան։

– Հարցումիդ պատասխանին մեկ մասը գիտես։ Ծնած եմ ծաղրանկարչությամբ զբաղվելու, մարդոց ծուռ գործերը մեծցնելով, տգեղցնելով զիրենք շտկելու համար։ Վերջերս եկած եմ այն եզրակացության, որ այս գործիս մեջ ինձի նեցուկ կրնա կանգնիլ նաև թատերգությունը։ Ահա թե ինչու, առանց արտոնության, հայ գրականության դարպասները ներս մտնելու հանդգնությունը ունեցա։ Կերևի, շուտով կհրատարակեմ ձեզի ծանոթ «Մենք հայերեն չենք գիտեր»-են դուրս նաև ուրիշ երկու գործ։ Ծննդավայրս Արտանուշն է։ Իբր թվական լսած եմ, թե ծնած եմ 1898-ին։ Իսկ այդ թվականը նկատի առնելով, թե զիս ծերուկի տեղ գնես, արդեն նոր սկսած մեր բարեկամությանը վերջ կտրվի։ Մինչև 10 տարեկանը մնացած եմ ծննդավայրիս մեջ։ Հայրս Բաթումի մեջ քարյուղի գործով կզբաղվեր։

Սարուխանյանները ծանոթ ընտանիք եղած են ամբողջ Վրաստանի և Կովկասի մեջ։ Հետո անցած ենք Պոլիս։ Պոլիսեն՝ Վիեննա, ուր ուսանած եմ Մխիթարյաններու մոտ։ Բայց… — Վայրկյան մը խոսակցության կապը կկտրվի։ Սարուխան կվերհիշե մեր քիչ առաջ տեսած մեկ տունը։ — Տեսա՞ր,— կըսեք— այդ տուն-թանգարանը ֆրանսացի արձանագործ Ժան Պաթիս Քեարբոյի տուն-թանգարանն է։ Փարիզի Հաղթակամարին մեկ մասը իր գործը կպատկերացնե. մահացավ 1875 թվին։ Ինչո՞ւ հիշեցի այս բոլորը. ֆրանսիացիները մեծ արվեստի տեր ժողովուրդ են։

Մենք առիթը ունինք օգտվելու իրենց արվեստեն։ Բայց հաճախ ստորակայության բարկույթ ունինք ֆրանսացիին նկատմամբ։ Այդ լավ չէ։ Յուրացնենք անոնց տվածը և բարձրացնենք մերը՝ հայկականը։

— Վերադառնանք Սարուխանյաններո՞ւն, կըսես։ Լավ, երկու քույր ունիմ Մոսկվայի մեջ, երկու քույր ալ Երևանի մեջ։ Երբ փոքր էի, եղբորս հետ տան մեջ կհրատարակեի երգիծական ձեռագիր թերթ։ Փոքր տարիքես սկսած եմ աշխատակցել Պոլսո «Գավրոշին», «Ժողովրդի ձայնին», նույնիսկ Ամերիկայի «Հայրենիքին»։ Վիեննայի մեջ ծանոթացա արաբ աղու մը 1924 թվականին և իր հետ Եգիպտոս գացի։ Այդ երթալս էր։ Վիեննայի մեջ գրաֆիկ արվեստի վարժարան հաճախած էի։ Կահիրե հասնելես վերջ շրջան մը ուսուցչություն ըրի Գալուստյան վարժարանին մեջ։ Ապա՝ Վարդան Զաքարյանին հետ հրատարակեցինք «Հայկական սինեմա» շաբաթաթերթը, որուն վերջին տասր թիվերը խմբագրեցի Օտյանին հետ, 1925 թվին։ Իմ գործս ծաղրանկարներ գծելն էր։ Հաջորդաբար հրատարակած եմ ծաղրանկարներու շարքեր։ Նախ՝ «Cette guerre»— «Այս պատերազմը», որը կներկայացնե երկրորդ համաշխարհային պատերազմր, ապա Օտյանի «Ընկեր Փանջունին » և Պարոնյանի «Մեծապատիվ մուրացկանները»։ Հետագային տպած եմ «Մենք մեր ակնոցով» և «Տես խոսքերդ» երգիծական նկարաշարքերը։ Անտիպ ունիմ «Այրե, ինչ որ պաշտեցիր»-ը և «Ուրբաթ կհասնիմ, թաղումս պատրաստեցեք»-ը։ Հրապարակած եմ «La Caravanner ֆրանսերեն շաբաթաթերթը։

— Շատ աշխույժ եք, պարոն Սարուխան, ես ձեզ երբեք 70-ին մոտ չէի կարծեր և չեմ ալ կարծեր։

– Կայարաններուն անունները լա՛վ կարդա, հանկարծ չանցնինք մեր նշանակետը։

– Վնաս չունի, Փարիզը ի՞նչ է, որ կորսվինք։

– 1927-ին մտա արաբական մամուլին մեջ։ Աշխատակցեցա «Ռոզ էլ Յուսեֆին», «Ախր Սաաին»։ Ներկայիս «Ախպար Էլ Յոմ» շաբաթաթերթին մեջ քաղաքական երգիծանկարներս կերևին։ Կըսեն, թե ծաղրանկարչական դպրոց հիմնած եմ և բազմաթիվ երիտասարդ արաբներ իմ ոճիս կհետևին։ Թող հետևին։ Աշխատակցած եմ Եգիպտոսի մեջ ֆրանսերեն լեզվով լույս տեսնող բազմաթիվ թերթերու, միշտ որպես ծաղրանկարիչ։ Առաջին անհատական ցուցահանդեսս տված եմ 1927-ին՝ Կահիրե և Աղեքսանդրիա։ 1936-ին և 1952-ին՝ դարձյալ Կահիրե, իսկ 1950-ին ցուցահանդեսներ տվի Բեյրութ և Հալեպ։ Բեյրութի ցուցահանդեսին ներկա եղած եմ։

Նախաձեռնողներեն մեկը եղած եմ՝ «Հայ մշակույթի բարեկամներ» ընկերության։ Այս մարմինը կազմակերպած է ցուցահանդեսներ միջազգային տարողությամբ՝ միջնադարյան հայ ճարտարապետության և մանրանկարչության նվիրված։ Ֆրանսերեն լեզվով հրատարակած է Օնիկ Ավետիսյանի «Հայ նկարչության մասին» գիրքը և անկե բազմաթիվ оրինակներ նվիրած օտար գրադարաններուն։ Ազգային շարժումներուն մասնակցիլը տարերքս է։ Աշխուժությունս վազվզելուս կպարտիմ։

– Մեկ խոսքով, ըսեք, որ շնորհիվ անվերջանալի հայ ազգային գործերուն, երիտասարդ կմնաք։

– Հավատա, որ այո, վճռած եմ աշխատիլ մինչև կյանքիս վերջ։ Բաղձանքս է առաջին իսկ առիթով Հայաստան գալ։ Կկարծեմ, թե ամեն հայու երազանքն է քուն թե զարթուն։ «Գարունի» համար մեկ մաղթանք ունիմ։ Կմաղթեմ, որ այս նոր ամսագիրը մատչելի ըլլա ինչպես հայրենիքի, նույնպես և սփյուռքի հայության, որպեսզի երկու եղբայրներու միջև կապը ավելի սերտանա։

Անսպառ եռանդի տեր Սարուխանը, իրավ, երիտասարդի տպավորություն կթողու վրաս։ Բայց ես զինք ցավցնել փորձելով կըսեմ՝

–Պարոն Սարուխան, այս տեսակցությունը չեմ տար հրատարակության, եթե այս խոսքիդ ծաղրանկար մըն ալ չընկերանա։

– Կուտամ։

Երկու օր վերջ բերավ այդ ծաղրանկարը, որը ահավասիկ, կներկայացնեմ։

You may also like...