Այդ զարմանալի հայը

«Հայրենիքի ձայն», 26 ապրիլի 1990թ.
Սեյրանուհի Գեղամյան

Տիպիկ հայկական դիմագծերով է, դեմքի վճռական ու կամային արտահայտությամբ, արժանապատվության յուրահատուկ կեցվածքով, որն ակամա հարգանք է ծնում: Մասնագիտությամբ փաստաբան է եւ փաստաբանական բավական մեծ, բայց տարօրինակ գրասենյակ ունի Լոս Անջելեսում: Տարօրինակ, որովհետեւ ամերիկյան հսկայական քաղաքում գործող փաստաբանական այդ գրասենյակում աշխատանքի ընդունվելու առաջին պայմանը հայերեն իմանալն է: Այդպես է նրա տնօրենի՝ Վարդգես Եղիայանի անզիջում կամքը…

Վարդգես Եղիայան

Վարդգես Եղիայան

Ահա, արդեն մի քանի ամիս է, ինչ այդ զարմանալի հայի պատմությունը ինձ հանգիստ չի տալիս… Ծանոթությունս գրեթե պատահական եղավ, բայց այն ամենը, ինչ նա չափազանց ժլատ, անզարդ ու զուսպ պատմեց՝ նորից ու նորից ինձ համար բացեց հայի անիմանալի, զարմանալի, հրաշալի ու դժվար աշխարհը:
Չի կարելի ասել, թե նրա մանկությունը զրկանքներով ու դառնություններով լի է եղել, ինչպես իր հասակակիցներից շատերինը: Ընդհակառակը: Ծնվել է Ադիս-Աբեբայում ապրող տոհմիկ բժիշկների հարուստ ընտանիքում, որն ամենամոտ կապերի մեջ էր եթովպական թագավորական ու իշխանական ընտանիքների հետ: Բայց Եղիայանները այլ ճանապարհ էին նախանշել իրենց որդու՝ Վարդգեսի համար, նա ոչ թե բժիշկ, այլ փաստաբան պիտի դառնար, որովհետեւ արյան հիշողությունը պահանջում էր, թե ֆիզիկական հիվանդությունները բժշկելուց առավել՝ կարեւոր է հոգեկան ցավերը բուժելը: Եւ այդ ծրագրով էլ Վարդգես Եղիայանը Ամերիկայի Միացյալ Նահանգներ մեկնեց:
Փայլուն առաջադիմությամբ ավարտելով Բերքլիի համալսարանի իրավաբանական ֆակուլտետը եւ նույն համալսարանում էլ ստանալով իրավաբանության դոկտորի տիտղոս, նա չմտածեց փաստաբանական հարմարավետ աշխատանքի մասին, որն այնքան էլ դժվար չէր լինի գտնել նրա նման մեկի համար, այլ անմիջապես մեկնեց ամերիկյան հեռավոր գյուղերը, աշխատեց աղքատների համար, փորձեց պաշտպանել հողագործների իրավունքները: Շատ-շատերին օգտակար եղավ եւ հետո միայն աշխատանքի անցավ փաստաբանական մի գրասենյակում: Բայց ընդամենը մի քանի օր անց, թողեց աշխատանքը: Պատճա՞ռը… Տնօրենը պահանջել էր դրամաչեկ գրել գրասենյակի օգնությանը դիմած մի հայի, որը Եղիայանին անձնական հարցով զբաղեցրել էր մեկ ժամ: «Ես չեմ կրնար աշխատիլ այն գրասենյակին մեջ, ուր հայու մը հետ զրուցելու համար պետք է անորմե դրամ պահանջեմ», – վճռական մտածել էր նա ու հեռացել:
Հետո, Սան Ֆրանցիսկոյում բացեց փաստաբանական իր գրասենյակը, ուր ընդունում էր միայն հայերի: Իրավական նյութից զատ, ժամերով զրուցում էր նրանց հետ, հետաքրքրվում էր նրանց կյանքի պատմության բոլոր մանրամասներով: Նրա համար ամեն մի հայ մի աշխարհ էր, ու որքան որ ավելի դառն ու դժվար էր լինում նրանց կյանքի պատմությունը, այնքան ավելի էր նա խորանում դրա մանրամասների մեջ, աշխատում դուրս կորզել ամեն պատկեր ու հիշողություն: Այդ տարիներին դիպվածով ծանոթանում է նաեւ Սողոմոն Թեհլերյանին, որի հետ ունեցած զրույցները մեխի պես խրվում էին նրա հոգին ու արյունոտում այն: Մի անգամ Թեհլերյանը նրան խնդրում է անգլերեն թարգմանել իր հուշերը:
- Ես ուշադրությամբ ուսումնասիրեցի դրանք, – պատմում է Վարդգես Եղիայանը,- եւ որպես հայ մտածեցի, թե ամերիկացիներն այնքան էլ չպիտի հետաքրքրվեն անոնցով: Այդ մասին ըսի Թեհլերյանին: «Շատ ալ խիստ մի դատեր, – պատասխանեց ան, – ամերիկացիներուն համար չէ, որ կուզեմ թարգմանես: Կուզեմ Վիլյամ Սարոյանը կարդա, կրնա ըլլա, որ վեպ մը գրե այդ մասին»: Ես իրեն ըսի, թե Սարոյանը կրնա թարգմանիչ մը վարձել, իսկ ես կուզեմ անգլերենի թարգմանել իր դատավարության պատմությունը, որ Վիեննայի Մխիթարյան հայերը տպած են գերմաներեն:
Թեհլերյանը համաձայնում է ու նրան է հանձնում դատավարության տեքստը: Մեկ շաբաթ անց, ցավոք, Թեհլերյանը մեռնում է, իսկ Եղիայանը հարգելով իր խոսքը՝ թարգմանում է այն եւ հրատարակում: «Թեհլերյանի դատավարությունը» մեծ աղմուկ հանեց Ամերիկայում: Այդ ողբերգական ու հերոսական պատմությունը ցնցեց մարդկանց, պատմություն, որը հայության՝ ոչ հաճախ պատահող դժվար հաղթանակներից մեկն է:
Տարիներ անց, Ամերիկայում արդեն ճանաչված փաստաբան Վարդգես Եղիայանը աշխատանքի է անցնում ԱՄՆ-ի կառավարական փաստաբանական գրասենյակում ու հնարավորություն է ստանում գործ ունենալ արխիվային բազմապիսի փաստաթղթերի հետ: Եւ այն, ինչը մի անգամ ընկավ նրա ձեռքը, ուղղակի ապշեցրեց նրան: Դա այն հրեշավոր տարիներին Թուրքիայում ամերիկյան դեսպան Մորգենթաուի զեկուցագիրն էր, որով նա տեղեկացնում էր հետեւյալը. 1910-ական թվականներին Թուրքիայի տարածքում մարդկանց կյանքի ապահովագրություն են անցկացրել ամերիկյան երկու խոշոր ապահովագրական գրասենյակներ: Այդ ընթացքում նրանք ապահովագրել են նաեւ 841 հազար հայի կյանք: Հետագայում, երբ արդեն իրականացվել էին հայերի տեղահանությունն ու ցեղասպանությունը, Թալեաթը իր մոտ է հրավիրում Մորգենթաուին եւ պահանջում, որ այդ դրամները տրվեն Թուրքիային, քանի որ նրանց տերերն արդեն չկան, «մահացել են»: Բարեբախտաբար Մորգենթաուն կարողանում է հրաժարվել եղկելի առաջարկից:
Գտնելով այդ չափազանց կարեւոր փաստաթղթերը, Վարդգես Եղիայանը հասկանում է, որ եկել է մասնագիտությունը իսկապես իր ժողովրդի դատին ծառայեցնելու ժամանակը: Նա սկսում է որոնումները… Արխիվներում կարողանում է գտնել ապահովագրված հայերի ցուցակները, սակայն առավել դժվարն ու ժամանակատարը դրանց տերերին կամ ժառանգներին գտնելն էր: Բայց… ով փնտրում է, նա գտնում է: Աշխարհի տարբեր անկյուններում գտնվեցին 16 այդպիսիք: 16 հայեր՝ եղեռնից հրաշքով փրկված… Նրանցից մեկը 83 տարեկան ծեր մի կին է:
- Երբ ես անոր բացատրեցի գործի էությունը, կինը նախ շատ զարմացավ, հետո իրեն ըսի, թե ինքը ունի իրավունք դատ բանալու ապահովագրական այդ հիմնարկին վրա եւ ետ ստանալու իրեն պատկանող գումարները: Կինը, իհարկե, համաձայնեցավ: Ես ըրի հաջորդ քայլը, գիտե՞ս, ըսի, այդ գումարները չպիտի պահես քեզի, այլ պիտի տրամադրես հայության, հայկական ազգային որեւէ հիմնադրամի: Կինը երկար նայեց ինձ՝ նախ անորոշ հայացքով մը, ապա քիչ-քիչ պայծառանալով՝ հանգիստ պատասխանեց. «Ես ալ կմտածեի, թե Աստված ինչո՞ւ համար այսքան երկար կյանք տված է ինձի: Հիմա միայն հասկցա. ուրեմն ընելիք ունեի»,- պատմում է Վարդգես Եղիայանը, եւ ես նկատում եմ, որ արտաքնապես զուսպ այդ մարդը նույնպես դժվարանում է հանգիստ խոսել այս հուզիչ պատմության մասին:
Շատ մոտ ապագայում աշխարհը կիմանա եւս մեկ տարօրինակ ու յուրահատուկ դատավարության մասին: 16 հայ 841 հազար հայրենակիցների անունից կպահանջեն իրենց պատկանող դրամները, որոնց ընդհանուր գումարը մեկ միլիարդ դոլարից ավելի է: Որպես փաստաբան հանդես կգա Վարդգես Եղիայանը: Նրա հանգիստ, կամային, արժանապատվությամբ ու վճռականությամբ լի կեցվածքը իսկապես որ հավատ է ներշնչում, թե դատը պիտի անպայման շահեն, եւ դա գուցե կլինի երկրորդը՝ Թեհլերյանի դատավարությունից հետո, հայության դժվար հաղթանակներից մեկը:

… Ապրիլյան այս օրերին գալով Հայաստան՝ պարոն Եղիայանը բերել է իր թարգմանությամբ հրատարակված կարեւոր մի գրքի ազդօրինակը. դա 1918 թվականին տեղի ունեցած երիտթուրքերի հայտնի դատավարության սղագրության անգլերեն հրատարակությունն է, որով անգլախոս աշխարհը կծանոթանա կարեւոր մի փաստաթղթի հետ: Փաստաթուղթ, որը իրենց իսկ՝ թրքական կառավարության կողմից վավերացնում ու կրկնում է ցեղասպանություն ապրած ականատես հայերի պատմությունները:
Վարդգես Եղիայանի որոնումները շարունակվում են: Որպես փաստաբան նա իր առջեւ նպատակ է դրել անգլերենով հրատարակել արխիվային բոլոր փաստաթղթերը, որոնք վերաբերում են 1900-ական թվականների սկզբներին թուրքերի ծրագրած եւ իրականացրած ցեղասպանությանը: Այո, բայց ինչքան նա նվիրվում է այդ գործին, այնքան ավելի անհանգիստ է դառնում: Զոհվածների հիշատակը կարծես էլի ինչ-որ բան է պահանջում… Եւ նա կարծես գտել է այդ ինչ-որ բանը… Երկար խորհելուց հետո որոշել է մեկ ու կես միլիոն պտղատու ծառ նվիրել Հայաստանին: Մեկ ու կես միլիոն պտղատու ծառ, որպեսզի նրանք ծաղկեն ու պտղավորվեն հայրենի հողի վրա՝ փոխարեն այն մեկ ու կես միլիոնի, որպես նրանց կենդանի հուշարձան…
Այսպիսին է նա՝ Վարդգես Եղիայանը, այդ զարմանալի հայը’ իր անիմանալի ու հրաշալի աշխարհով…

Հ.Գ. Այս հոդվածը գրվել է 1990 թվականին: 14 տարի անց Վարդգես Եղիայանը հաղթեց: 2004թ. փետրվարի 19-ին ՄիացյալՆահանգների Լոս Անջելեսի դաշնային դատարանի վճռով «Նյու Յորք լայֆ» ապահովագրական ընկերությանը պարտավորեցվեց 20 միլիոն դոլար հատուցում վճարել 1875-1915 թթ. ընթացքում Օսմանյան կայսրությունում հայերի ձեռք բերած եւ առայսօր չվճարված 2400 ապահովագրական մուրհակների դիմաց:

You may also like...