Ամեն ինչ սկսվում է մանկությունից

«Հայրենիքի ձայն», 1981թ.
Սեյրանուհի Գեղամյան, Շարունակվող երկխոսություն, Երևան, 2007թ.

Երեխաների կյանքը հեքիաթներով է լցված: Հեքիաթներ, որոնք նրանք սիրում են լսել լսել, լսել… Հեքիաթները հնարել են բարի, ազնիվ մարդիկ՝ հարստացնելու երեխայի կյանքը, հաստատելու, որ բարին անպայման կհաղթի, հնարել են նաեւ, որպեսզի անտառի ու երկնքի զույներով օրորեն իրենց փոքրիկների մանկությունը եւ հավատացնեն, որ կա մի հրաշալի դղյակ՝ բարձր, բարձր արծվի թեւերի վրա…

artsrun-berberyan1

Բայց կան մարդիկ, որոնք ոչ թե հնարում են հեքիաթները, այլ ստեղծում են այդ հրաշալի, մաքուր, երկնային «դղյակը», ուր իսկապես ապրում են հեքիաթները…

Տուն, ուր ապրում են հեքիաթները

Կարծում էի, թե սովորական բնակարան եմ մտնելու, որտեղ ապրում են իմ փոքրիկ «հերոսները»: Երեւանի կենտրոնական փողոցներից մեկի բարձրահարկերից, աղմկոտ անցուդարձից հետո կարծես միանգամից ընկա «խաղաղ միջնադար»: Հենց նախասրահում զանազան մեծ ու փոքր կավե կարասներ էին, գեղեցիկ հյուսված կողովներ՝ սոխով, կարտոֆիլով, հավկիթով լի, պատերից կախված էին սխտոր, կարմիր պղպեղ, պատերի տակ հրապուրիչ, տնավարի ժպտում էին տռուզ, արեւատես դդմիկները, անկյունում՝ հայկական պարզ թախտի վրա ձեռագործ գորգ էր, վրան՝ տարբեր չափսերի նախշազարդ բարձեր ու թիկնակներ: Մի տաք, քնքուշ կարոտ արթնացավ այս ամենից, կարոտ, որ քնած է մեզանից յուրաքանչյուրի մեջ՝ մեր պապերի ու տատերի բարի պատկերների նման, կարոտ, որ նստած է մեր ենթագիտակցության մեջ ու ձգվում է դեպի մեր արմատները: «Նատյուրմորտ մանկության»՝ ժպիտի նման անցավ մտքովս: Միանգամից հարազատացան տունն էլ, տանտերերն էլ:

Հավանաբար արծաթագործ, ժողովրդական վարպետ Արծրուն Բերբերյանի տանը «անսպասելի» հյուրեր չեն լինում: Նրանք ամեն րոպե էլ կարող են մտնել այստեղ, զրուցել վարպետի հետ, դիտել նրա աշխատանքները, զարմանալ նրա երկու փոքրիկների՝ հորից ժառանգած շնորհներով:

Իմ այցելության նպատակն էլ հենց երկու փոքրիկ վարպետների հետ ծանոթանալն էր…

Անահիտն ու Արգիշտին

Մեր մուտքն ամենեւին չշփոթեցրեց երկար հաստոցի մոտ աշխատող փոքրիկներին:

– Անունդ ի՞նչ է,- դիմեցի կրտսերին, որի կլորիկ, մանկական միամիտ դեմքը ակամա ժպիտ էր առաջացնում:

– Արգիշտի:

– Իսկ գիտե՞ս ում անունն է:

Մելխիորի ձողիկի վրա հակված փոքրիկը ավելի կախեց գլուխը:

Ես կրկնեցի հարցս՝ համառորեն վարձելով նրան զրույցի մեջ ներքաշել:

– Էրեբունին կառուցած թագավորի անունն է,- վերջապես կորզեցի պատասխանը:

– Իմ անունն էլ Անահիտ է,- համարձակ ասաց աղջնակը, հավանաբար ակնարկելով Աղայանի հայտնի հեքիաթի հերոսուհուն:

Բնավորություններն ի հայտ են գալիս անմիջապես, ամաչկոտ, լռակյաց Արգիշտին եւ համարձակ, աշխույժ Անահիտը: Բայց ինչպես նկատեցի, նրանք ամենեւին չէին զիջում միմյանց աշխատանքում: Արվեստանոցում ցուցադրված էին փոքրիկների աշխատանքները. մի կողմում Անահիտինն է, մյուսում՝ Արգիշտիինը: Նուրբ, հարուստ ու բարդ զարդանախշերով կատարված աշխատանքները բոլորովին էլ չէին մատնում իրենց հեղինակների տարիքը: Զարմանքս հայտնեցի բարձրաձայն:

– Մի՞թե այդ զարդերը դուք եք պատրաստել:

«Վարպետները» ներողամիտ ժպտացին:

– Երեւի շատ երկար ժամանակ է պահանջվում յուրաքանչյուր զարդի համար, իսկ դասերին չի՞ խանգարում,- հարցս ավելի շատ ուղղեցի երեխաների պատրաստակամ մորը՝ տիկին Ռայային:

– Կուզեի տեսնել, թե ինչպես եք աշխատում,- դիմեցի նրանց:

Զանազան գործիքների, ունելիների, բռնիչների, կրակվառիչների եւ էլի հազար ու մի գործիքների մեջ խճճված փոքրիկները խորամանկ ժպտացին: Սկսվեց «վազք»-աշխատանքը: Եւ անմիջապես առաջին տպավորությունը՝ «խճճված» բառը, չափազանց անհամատեղելի թվաց այդ կազմակերպված աշխատանքին: Բարակ ձողիկները հալվում էին, կորանում, ուռուցիկ դառնում, ու քիչ-քիչ ծնվում էր ապարանջանի առաջին գեղեցիկ զարդանախշը, հետո երկրորդը, երրորդը…

Դիտելով այդ ամենը՝ ակամա վերադարձա փոքրիկ վարպետների աշխատանքների մոտ՝ նորից հիանալու նրանց պատրաստած գեղեցիկ ականջօղերով, մատանիներով, մանյակներով ու ապարանջաններով:

– Սրանք բոլո՞րն են, ինչ դուք պատրաստել եք:

– Ոչ,- պատասխանեց Անահիտը:- Սի անգամ մարդիկ եկան, նայեցին եւ իմ աշխատանքներից տարան Լենինգրադի…- Հետո դժվարացավ հիշել թանգարանի անունն ու դիմեց մորը.

– Լենինգրադի ազգագրության թանգարան,- օգնեց տիկին Ռայան:

– Բա չեխե՞րը,- երկչոտ հնչեցրեց Արգիշտին:

– Ճիշտ է,- ոգեւորվեց Անահիտը:- Մի անգամ էլ նրանք եկան դիտելու մեր աշխատանքները: Նրանց էլ նվիրեցինք:

Մտովի պատկերացրի երկու փոքրիկներին՝ Երեւանի Կրուպսկայայի անվան դպրոցի առաջին դասարանի ցածրիկ նստարանին նստած: Հավանաբար դասարանական անվանականչերի եւ հարցումների ժամանակ էլ է այդպես. Արգիշտին երկչոտ ու լռակյաց, Անահիտը՝ աշխույժ ու համարձակ: Բայց որքան ազատ ու անկաշկանդ է Արգիշտին այս բազմատեսակ գործիքների ու մետաղների մեջ, որքան արագ ու վստահ է գործում, կարծես պարզապես խաղ է անում, խաղ, որից երբեք չի ձանձրանում նա: Հրապուրիչ աշխարհ է սա յուրաքանչյուր երեխայի համար: Չէ՞ որ նրանք սիրում են նմանվել մեծերին, խաղալ «մեծավարի»: Բայց Արգիշտին եւ Անահիտը չեն խաղում, նրանք իսկապես ստեղծագործում են…

Ու նորից հաստատվում է ասացվածքը

Հայկական հին ասացվածք կա. պտուղը ծառից հեռու չի ընկնում: Ասացվածքը երբեք չի մաշվում, առավել եւս՝ եթե իսկապես հին է: Արծաթագործ-դրվագող Արծրուն Բերբերյանն իր ողջ ստեղծագործական կյանքը նվիրել է մետաղի գեղարվեստական մշակման եւ արծաթագործության վերստեղծման ու զարգացման գործին: Ծնվել է Թբիլիսիում, Վանից գաղթած արհեստավորի ընտանիքում: Հետագայում Բերբերյանների ընտանիքը տեղափոխվում է Իրան: Դեռ 14-ը չլրացած՝ ընտանիքի հոգսը թեթեւացնելու համար պատանին աշխատանքի է ընդունվում «Վասպուր» արծաթագործական արհեստանոցում: 1963 թվականին իրականանում է նրա տարիների փափագը՝ հաստատվում է հայրենիքում ու նվիրվում սիրած գործին:

Արծրուն Բերբերյանի աշխատանքները բազմիցս ցուցադրվել են ոչ միայն մեր հանրապետությունում, այլեւ Միության շատ քաղաքներում, ինչպես նաեւ արտասահմանյան մի շարք երկրներում՝ հեղինակին արժանացնելով բազմաթիվ մրցանակների ու դիպլոմների:

Դե, այս փոքրիկներն էլԲերբերյան տոհմի շառավիղներն են, որի համարյա բոլոր սերունդներն այսպիսի ճարտար ձեռքեր են ունեցել: Ինչպես պատմեց վարպետ Արծրունը, պապն ու հորեղբայրները հայտնի ոսկերիչներ են եղել, մայրը նույնպես ոսկե ձեռքեր է ունեցել եւ հեղինակն է տան նախասրահը զարդարած ձեռագործ գորգի, բարձերի նախշերեսների, ձեռնոցների ու խուրջինների, որոնք արվել են մոտ 85-90 տարի առաջ, բայց զարմանալիորեն թարմ են, կարծես հենց նոր ավարտված: Սակավախոս է երեւում Արծրուն Բերբերյանը: Խոսում է հանդարտ, ցածրաձայն, այնպես, կարծես իրերն իրենք են ստիպում խոսելու իրենց մասին: Ցույց է տալիս իր աշխատանքները, որոնց մեծ մասը մեր երկրի տարբեր թանգարանների պատվերներն են: Նրա բարությամբ լի նկարագիրն ամբողջացնում է կինը, ընդամենը մեկ նախադասությամբ. «Երբ վարպետ Արծրունը տանը չէ, երեխաները մի տեսակ խեղճանում են, նստում խոհանոցում ու դազգահին մոտ էլ չեն գալիս, երեխաների ամբողջ հոգին, ոգետրությունը, աշխատելու մղումը կարծես նրա մեջ է»:

Դուրս գալիս անդիմադրելի պահանջ զգացի նորից նայել այն գեղեցիկ «նատյուրմորտը», շոշափել կարասները, շոյել ձեռագործները:

– Գեղեցկության համա՞ր է,- չթաքցրի հետաքրքրությունս:

– Ինչո՞ւ միայն գեղեցկության, նաեւ օգտագործում ենք: Այսպես ավելի լավ է:

Ես դա հասկացել էի հենց սկզբից, այս մարդը սիրում է գեղեցիկ ապրել, սիրում է գեղեցկացնելկյանքր նաեւ իր աշխատանքներով, ուզում է, որ այդպես ապրեն եւ երեխաները, ապրեն գեղեցիկ ու բարի, ինչպես հեքիաթներում…

You may also like...