Ամենայն Հայոց կաթողիկոս Վազգեն Ա

«Հայրենիքի ձայն», 21 սեպտեմբերի, 1988թ.

1908թ. սեպտեմբերի 20-ին Ռումինիայի մայրաքաղաք Բուխարեստում, արհեստավորի՝ Աբրահամ և Սիրանույշ Պալճյանների ընտանիքում ծնվեց մի արու զավակ, որին տարիներ հետո բախտ էր վիճակված դառնալու հայ առաքելական եկեղեցու 130-րդ կաթողիկոսը։ Ոչ, այդ օրը երկնակամարում աստղ չփայլատակեց, և ոչ էլ եկան մոգերը երկրպագելու, այլ պարզապես նա էլ ծնվեց հազարավոր հայերի նման օտար հողի վրա, օտար երկնքի տակ, հայրենիքից շատ ու շատ հեռու։

Վազգեն Ա

Կարո՞ղ էր ուսուցչուհի Սիրանույշը, ապագա Վեհամայրը կռահել, որ իր միակ որդին, իր սիրասուն զավակը, կյանքն ու գործը պետք է նվիրաբերի Հայոց աշխարհին, հայ ժողովրդին ու դառնա նրա հոգևոր հովիվը։ Հազիվ թե։ Մինչդեռ կարդում ենք վեց տարեկան որդու լուսանկարի վրա նրա գրած հետևյալ խոսքը. «Անունս է Լևոնիկ, բոլորած եմ վեց տարիք. Մաղթեցեք դուք ի սրտե՝ Աստված զիս անփորձ պահե, որպեսզի ըլլամ քաջ, արի զինվոր Մայր Հայաստանի»։ Մոր սրտի թելադրանք, մարգարեական խոսքեր, զգացումներ, որոնք դարձան բնաբանը Լևոն-Կարապետ Պալճյանի կյանքի և գործունեության։ Իսկ մինչ այդ նա սովորեց ու ավարտեց վարժարանը, ապա դարձավ ուսանող Ռումինիայի համալսարանի գրականության և փիլիսոփայության ֆակուլտետի և 1936 թվականին ուսուցիչ-մանկավարժ որակավորումով նվիրվեց հայ մանկիկների կրթության գործին, ինչպես և գործուն մասնակիցը դարձավ ռումինահայ գաղութի կյանքի բոլոր ոլորտների։

Մենք ունենք բազում փաստաթղթեր, որոնք բնորոշում են Պալճյանի հետաքրքրության լայն շրջանակները՝ լինի դա մատաղ սերնդի կրթության, գրականության, պատմության, փիլիսոփայության և այլ ասպարեզներում։ Նա 14 տարի ուսուցիչ է եղել Բուխարեստի ազգային վարժարանում։

1943թ. սեպտեմբերի 27-ին Լևոն Պալճյանը Աթենքի հայկական ս. Կարապետ եկեղեցում իր ստորագրությունն է դնում հոգևոր գործունեության «Ուխտագրի» տակ, որի մեջ կան նաև այս խոսքերը՝ «Կուխտեմ նաև իմ բոլոր ուժերովս նվիրվելու հայ համայնքի և հայ կյանքի կարիքներուն ու ժողովրդի շահերու պաշտպանությանը»։

Եվ Լևոն-Կարապետ Պալճյանը ձեռնադրվեց վարդապետ՝ անվանակոչվելով Տեր Վազգեն։ Խանդավառ ու եռանդուն գործունեության տարեգրություն ունի Տեր Վազգեն վարդապետը՝ ապա Ռումինիո հայության առաջնորդի տեղապահ Տեր Վազգեն Ծայրագույն վարդապետը։ Պատերազմի ծանր տարիներին ռումինահայության հովիվը ամուր նեցուկ է դառնում ոչ միայն իր ծխին, այլ նաև օգնության է հասնում գերության մեջ տառապող իր հայրենակիցներին և իր համեստ նպաստը բերում հաղթանակի գործին։

Եվ վերջապես 1945 թվականին առաջին անգամ Ծայրագույն վարդապետը ոտք է դնում իր երազների մեջ փայփայած, բազմաչարչար, որով և առավել քաղցր մայր հողի վրա։ Եվ այսպես են նկարագրում նրա ուղեկիցները, որ Տեր Վազգենը «կփորձե քանի մը խոսքով մեր բոլորի արտահայտիչը ըլլալ, սակայն ան ալ կփղձկի և ձեռքերով կծածկե իր արցունքոտ աչքերը»։ «Հարազատներու հանդիպումը միշտ ալ այսպես կկատարվի»,- հազիվ լսվում են նրա այս խոսքերը։

Մայր աթոռ Էջմիածնում 1955 թվականի սեպտեմբերի 30-ին ի լուր հայոց աշխարհի հայտարարվեց նոր կաթողիկոսի անունը՝ նորին սուրբ օծություն, Ծայրագույն պատրիարք և կաթողիկոս Ամենայն Հայոց Տ. Տ. Վազգեն Ա։

Եվ ահա 33 տարի է՝ նա հոգու, սրտի և մտքի ողջ էությամբ նվիրված ծառայում է իր հոգևոր կոչմանը։ Ծանր ժառանգություն ստացավ նոր Հայրապետը։ Մեզ լավ հայտնի մթնոլորտը երկրում անսպասելի դժվարությունների առջև կանգնեցրեց հայոց Հայրապետին, բայց նա իր առաքելության համառ տերն էր և չնահանջեց ու քայլ առ քայլ նվաճեց այն ամենը, ինչ այսօր կազմում են սուրբ Էջմիածնի պատիվն ու հպարտությունը։

Անցավ ոչ միայն հավատացյալների հոգու նորացմանը, այլև իր գործը և կոչումը լավ հասկացող, իմաստուն, հայրենասեր Հայրապետը ձեռնարկեց բազում գործեր և ասաց. «Եկայք շինեսցուք»։ Այս 33 տարիների մեջ է, որ բազմաթիվ գործող եկեղեցիներ վերաշինվեցին ու վերականգնվեցին, նոր շուք և իմաստ ստացան ու պահպանության տակ առնվեցին մեր ժողովրդի հոգևոր ու աշխարհիկ գանձերը, մեր պատմության և ստեղծագործ հանճարի անձայն վկաները։ Ով չգիտե, որ դժվար ժամանակներում հայ եկեղեցին իր ազգապահպան դերն է կատարել՝ շուրջը հավաքելով և իր հովանու տակ առնելով մեր ազգի լուսավոր գործերը։

Այսօր իրենց արժանի ճանաչումն ունեն և բարձր գնահատականը վերականգնված հին ու նոր վեհարանները, հոգևոր ճեմարանը, նորակառույց գանձատունը, հուշարձաններ, աղբյուրներ, Վանատունը։ Լույս տեսած բազմաթիվ շքեղ հրատարակությունները հազարավոր օտարականների սեփականությունը դարձրին մեր ժողովրդի ստեղծագործ ոգու արգասիքները։ Ո՞վ չգիտե, որ Հայոց Հայրապետը դարձավ այն քարավանների ջատագովը, որոնք հայրենիք բերեցին օտարության մեջ դեգերող անթիվ, անհամար գանձերը՝ լինեն դրանք ձեռագրեր, նշանավոր մարդկանց արխիվներ կամ սուրբ մասունքներ, կիրառական արվեստի գործեր, գեղանկարչական պաստառներ, վարագույրներ, հին ու թանկարժեք գորգեր, որոնք մեր ազգային ոգու և կերպարի անբաժանելի մասն են կազմում։

Վերջապես, մեր հոգևոր կենտրոնի ճանաչումն ու հեղինակությունը այսօր ավելի մեծ են, քան երբևէ։ Դժվար է գերագնահատել Սփյուռքը Հայրենիքի և Մայր աթոռ Էջմիածնիհետ կապելու աշխատանքը, որը Հայոց Հայրապետի գործունեության հիմնաքարերից մեկն է։ Չափազանցրած չենք լինի, եթե ասենք, որ նման ծավալ արձանագրված չէ և մեր ոչ մի տարեգրում։ Եվ այս ամենի մեջ մեծ դեր ունեն նրա անձնական հմայքը և եռանդը։ Վերածնված հայրենիքը և ս. Էջմիածինը նոր ձգողական ուժ և իմաստ ստացան։ Այս է պատճառը, որ մեր շատ ու շատ հայրենակիցներ բերին և բերում են իրենց լուման և՛ մայր աթոռին, և՛ վերածնված Հայրենիքին։ Անհնար է չհիշատակել հայրապետական ուղևորությունները աշխարհի հայաշատ վայրերում՝ 10 անգամ՝ 33 տարիների ընթացքում։

Տասն անգամ սփյուռքում ապրող մեր հայրենակիցները լսեցին հայրապետական գավազանի զարկը և Հայրապետի հուզիչ ու կենարար խոսքը՝ բերված մայր հայրենիքից, սուրբ Էջմիածնից։

Տասն անգամ հայ մնալու, հայրենիքով ապրելու, նրա հավատով էլ ավելի բոցավառվելու, սիրո և նվիրումի խոսքը, որը յուրաքանչյուր անգամ դառնում էր մի նոր կիրակնօրյա կամ ամենօրյա վարժարան, մի նոր եկեղեցու հիմնադրում կամ օրհնում, մի նոր միություն կամ մշակույթի տուն՝ հիմքում ունենալով մեկ նպատակ՝ հայապահպանում, նվիրում հայ հավատին ու հայոց լեզվին, միասնականության, հայրենասիրության գաղափարը, որոնք հայ մնալու և հայ ապրելու միակ ճշմարիտ ճանապարհներն են։ Նա իր գործուն մասնակցությունը, իր շունչն է բերում մեր առօրյա կյանքի, պայքարի յուրաքանչյուր բաբախումին՝ իր պետական, ազգային խելամիտ մտածելակերպով, միշտ մնալով ազգապահպան իր սկզբունքների վրա։

Հայոց Հայրապետի գործունեության մեջ առաջնային տեղ ունի խաղաղության պահպանման գաղափարը, մի նպատակ, որ բազմիցս բարձր է գնահատվել նաև մեր պետության կողմից։ Ուր էլ որ լինում է, ամենուր Հայոց Հայրապետը քարոզում է եղբայրություն, համերաշխություն և խաղաղություն, քանզի նա ամենից լավ գիտե, թե ինչ է նշանակում խաղաղությունը աշխարհի համար և հատկապես հայերիս համար։ Իր կյանքի 80 տարիների իմաստուն փորձը թելադրում է նրան՝ պայքարելու, ամրացնելու եղբայրության, խաղաղության հիմքերը, որ և մարդկության երազանքն է։ Արդյո՞ք այս չէ պատճառներից մեկը, որ հայ եկեղեցին լավագույն կապերի մեջ է քույր եկեղեցիների հետ և էկումենիկ շարժման գործուն անդամներից մեկը։ Վեհափառ տիրոջ խաղաղասիրական կոչերը լսվել են աշխարհի տարբեր մայրցամաքներում, թագավորական ու պրեզիդենտական պալատներում, պառլամենտներում, քաղաքապետարաններում։ Ահա մեկ մեջբերում 1987 թվականին Միավորված ազգերի կազմակերպությունում արտասանած խոսքից. «Իմ ըմբռնումով, խաղաղության պահպանումն ու ամրապնդումը ոչ միայն մարդասիրական և բարոյական գերագույն հրամայականն է, այլ նաև առաջին պայմանն ու երաշխիքը մարդկության կյանքում արդարության և ազատության գաղափարները ապահովելու, ազգամիջյան թշնամանքներն ու բոլոր տեսակի խտրականությունները և աղքատությունը վերացնելու, որոնք վերջին տասնամյակներին ավելի ու ավելի են խորանում և ավերներ գործում շատ շրջաններում, քաղաքական լարվածության, սպառազինությանց և պատերազմի սպառնալից մթնոլորտի պայմաններում։

Ես իմ պարտքն եմ համարում արտահայտել այս խոհերը, խաղաղ և արդար մի աշխարհի երազանքով, որպես հոգևոր սպասավոր և պատասխանատու ղեկավարը մի եկեղեցու և ժողովրդի, որը դարեր շարունակ տառապել է և զոհվել ռազմամոլ նվաճողների սմբակների տակ, մի եկեղեցի և մի ժողովուրդ, որը ապրել է 1915-17 տարիների բոլորիդ ծանոթ ցեղասպանությունը Արևմտյան Հայաստանում՝ օսմանյակ կայսրության շրջանին։

Ահա թե ինչու հայ եկեղեցու և իր հավատավոր զավակների մշտական աղոթքն է. «Մարդասեր աստված, ստեղծիչ տիեզերաց և դատավոր արդար, տուր աշխարհիս խաղաղություն և հաճություն ի մարդիկ»։

Այո, Աբրահամ և Սիրանույշ Պալճյանները չսխալվեցին. նրանց որդին դարձավ քաջ, արի զինվորը Մայր Հայաստանի և հավատավոր նվիրյալը նրա հայրապետական գահի, և այսօր ամենուր հայերս ասում ենք՝ «Տուր աշխարհիս խաղաղություն և հաճություն ի մարդիկ» ու երկար արևշատ կյանք, նույնքան բեղմնավոր, ինչ մինչև այսօր, մեր սիրելի Հայրապետին։

Գրիգոր Խանջյան

 

 

You may also like...