Ամենահզոր կանչը հայրենիքի ցավն է

«Հայրենիքի ձայն», 1 փետրվարի, 1989թ.
Սեյրանուհի Գեղամյան

Սփյուռքահայության հետ մշակութային կապի կոմիտեում հետաքրքիր հյուր կար՝ Միացյալ ազգերի կազմակերպության կարեւոր բաժիններից մեկի՝ արդյունաբերական տեխնոլոգիայի բաժնի տնօրենը: Անսպասելի, մանավանդ հաճելի էր, որ նման պատասխանատու պաշտոնատարը գեղեցիկ, համակրելի մի հայուհի էր.

– Արշալույս Ճգնավորյան,- ժպտալով ներկայացավ նա:

– Ճգնավորյա՞ն,- ակամա կրկնեցի ես՝ հարցական նայելով նրան:

– Այո, այո…

Այդ «այո»-ն եւ նրա ակնհայտ արեւելահայերենը նշանակում էին, որ մեր հյուրը հայտնի պարսկահայեր Ճգնավորյանների շառավիղներից է, եւ ինչպես ինքը հաստատեց՝ ամերիկաբնակ տաղանդավոր երգահան եւ նվագավար Լորիս Ճգնավորյանի քույրը:

Իր պարզ, անմիջական ու գործնական բնավորության շնորհիվ տիկին Ճգնավորյանը վայրկենապես հարազատության զգացողություն թելադրեց, ու ես թեթեւ հանդիմանության շեշտով ասացի.

– Իսկ ինչպե՞ս է պատահել, որ մինչեւ հիմա Հայաստան չեք եկել:

– Մեկ անգամ եկել եմ,- ասաց նա,- բայց շատ հպանցիկ: 1978-ին: Հրավիրել էին Ալմա-Աթա՝ կոնֆերանսի, եւ անձնական ցանկությամբ ուզեցի անպայման լինել Հայաստանում: Միայն Երեւանը կարողացա տեսնել ու գնացի՝ կարոտը սրտումս: Բայց այս ահավոր աղետը ցնցեց ինձ, ու մտածեցի, ես, որ իմ բաժնի աշխատանքով օգտակար եմ լինում աշխարհի շատ երկրների, ինչպե՞ս կարող եմ չշտապել հայրենի երկիրս՝ այս դժվար պահերին, ինչ-որ ձեւով նրա ցավերը դարմանելու, եւ եկա…

Եւ եկավ ոչ մենակ, այլ երկու կարեւոր անձնավորությունների՝ հարավսլավցի երկրաշարժագետ, պրոֆեսոր Վելքովի եւ դանիացի Նիլզ Բիրինգի հետ, որը շինանյութերի եւ դրանց տեխնոլոգիայի մասնագետ է:

– Մենք եղանք աղետի վայրերում՝ Սպիտակում, Լենինականում, Կիրովականում: Սարսափելի էր… Անկարելի է բառերով արտահայտել հուզումը, որ ապրեցի այդ ամենը տեսնելով: Հետո գործնական մի շարք հանդիպումներ ունեցանք Հայաստանի Նախարարների խորհրդում՝ պարոն Արծրունու հետ, Հայաստանի քարի եւ սիլիկատների գիտահետազոտական ինստիտուտի տնօրեն պարոն Խաչիկյանի, Հայաստանի արտաքին գործոց նախարար պարոն Անատոլի Մկրտչյանի, պաշտոնական այլ անձանց հետ: Մեր պատրաստականությունը հայտնեցինք մասնակցելու Հայաստանի վերաշինության գործին: Պրոֆեսոր Վելքովը որոշ ժամանակ կմնա Հայաստանում: Նա ցնցակայուն շենքերի մեծ գիտակ է եւ իր ներկայությամբ կարող է օգտակար լինել վերաշինության աշխատանքներին: Իսկ ես մեկնելուց հետո անմիջապես գործի կանցնեմ՝ իրականացնելու այն կարեւոր ծրագրերը, որ այստեղ կազմեցինք պաշտոնական անձանց հետ: Դրանք գլխավորապես վերաբերում են որոշ անհրաժեշտ շինանյութերի արտադրությունն այստեղ կազմակերպելուն, Կիրովականի (Վանաձոր) քիմիական գործարանը տեխնոլոգիական նոր սարքավորումներով համալրելուն, հայկական աննման քարերը միջազգային ճանաչման հասցնելուն եւ գործնական այլ խնդիրների: Ի դեպ, Հայաստանի քարի եւ սիլիկատների գիտահետազոտական ինստիտուտի տնօրինության հետ համաձայնության ենք եկել այս տարվա վերջերին Հայաստանում միջազգային կոնֆերանս հրավիրել: Դա կնպաստի հայկական քարը միջագային ճանաչման արժանացնելուն:

Տիկին Ճգնավորյանի նպատակասլաց, հետաքրքիր ծրագրերը, նրա գործնական, ճկուն միտքը, գիտական խորաթափանցությունը (նա քիմիական գիտությունների դոկտոր է), գործելու լայն հնարավորությունները հարգանք ու հավատ են ներշնչում, նաեւ հպարտության զգացում, որ այսպիսի հեղինակավոր մի կազմակերպությունում գործում է քո հայրենակցուհին, որը հայ է իր ամեն ինչով՝ հոգով, արտաքինով, խոսքով, շարժ ու ձեւով, իր Թալին եւ Հայկ զավակներով: Ի դեպ, Հայկը փաստաբան է, իրավագիտության մագիստրոս եւ դոկտորական թեզը գրում է հայկական հարցի շուրջ:

- Հայկականության ուժեղ զգացումը հորիցս է գալիս: Նա մեզ՝ իր ժառանգներին, պատգամել է հավատարիմ մնալ մեր ինքնությանը: Վիեննայի եկեղեցու սրահում ոսկետառ մի հուշաքար կա դրված՝ այսպիսի մակագրությամբ. «Սրահը վերանորոգվել է Ճգնավորյան ընտանիքի կողմից՝ ի հիշատակ իրենց հոր եւ մեծ հոր, որոնց իղձն է տեսնել հայ ազգի միասնականությունն ու հզորությունը»: Հիմա, առավել քան երբեւէ, եկել է ժամանակը գործելու հանուն մեր ազգի, եւ դա պիտի գիտակցի ամեն հայ՝ հայրենիքում լինի նա, թե՝ սփյուռքում: Հայրենիք գալը ինձ համար ոչ միայն հոգեկան բավարարություն է, ոչ միայն պարտք՝ ազգիս ու հայրենիքիս հանդեպ, այլեւ գործնական ասպարեզում նրան տեւականորեն, մշտապես օգտակար լինելու հնարավորություն: Կարծում եմ, որ սրանից հետո այս պիտի լինի իմ կյանքի գլխավոր նպատակներից մեկը:

Ես լսում էի տիկին Ճգնավորյանի հուզիչ խոսքը, նայում նրա հայկական խոշոր աչքերին, որոնք զրույցի պահին հաճախ էին արցունքոտվում, ու մտածում էի, որ, իսկապես, այս մեծ ողբերգությունը ինչ-որ չափով բեկեց աշխարհի բոլոր հայերի ճակատագրերը, եւ հայրենիքի ցավը դարձավ ամենահզոր կանչը, որ ի մի հավաքեց, միավորեց իր տարասփյուռ զավակներին, ավելի զգալի դարձրեց ազգային պատկանելության զարկերակը, որի բաբախյունը առօրեական հոգսերի ու զբաղվածության մեջ հաճախ թուլանում էր, երբեմն էլ՝ անլսելի դառնում: Ահա աշխարհի բազմաթիվ հայերից մեկը, որի ճակատագիրն անդառնալիորեն բեկվեց, բեկվեց դեպի հայրենիք, որին օգնելու գաղափարը դարձավ նրա կյանքի գլխավոր նպատակը:

- Գիտե՞ս,- հրաժեշտից առաջ անսպասելիորեն ասաց տիկին Ճգնավորյանը,- թեպետ ժամանակը շատ սուղ է, բայց ուզում եմ Սարյանի նկարները տեսնել, ուզում եմ հետս մի քիչ պայծառություն ու արեւ տանել…

Ինչ լա՜վ ասաց, ու ես մտածեցի, թե ինչ էլ որ պատահի՝ սփյուռքից Հայաստան եկած ամեն հայ պետք է այստեղից մի քիչ պայծառություն ու արեւ տանի, ու մենք պետք է անենք ամեն ինչ, որ Հայաստանն այդպե՛ս ճանապարհի իր զավակներին՝ պայծառությամբ ու արեւով, թող որ այս օրերին՝ Սարյանական…

You may also like...