Ամանորյա ավանդական հանդես

Հայրենիքի ձայն, 11 հունվարի, 1984թ., թիվ (962)

«Անի» հյուրանոցի ամբողջ մի հարկ զբաղեցնող ընդարձակ սեղանատունը ծայր ի ծայր լիքն էր Սովետական Հայաստանի բարձրագույն ուսումնական հաստատություններում կրթություն ստացող ավելի քան չորս հարյուր սփյուռքահայ ուսանողներով, ինչպես նաև բազմաթիվ օտարերկրացի ուսանողներով։ Սփյուռքահայության հետ մշակութային կապի կոմիտեն, Հայկական ՍՍՀ բարձրագույն և միջնակարգ մասնագիտական կրթության մինիստրությունը, Արտասահմանյան երկրների հետ մշակութային կապի և բարեկամության հայկական ընկերությունը և Արտասահմանյան ուսանողների գործերի հանրապետական խորհուրդը նրանց համար կազմակերպել էին արդեն ավանդական դարձած ամանորյա հանդեսը։ Եվ ահա ուսանողները իրենց դասախոսների, հանդեսին հրավիրված արվեստագետների, գրողների հետ դիմավորում էին տարեմուտը։

Սփյուռքահայության հետ մշակութային կապի կոմիտեի նախագահ Վարդգես Համազասպյանը, բացելով ամանորյա ուրախ հանդեսը՝ ներկաներին հղեց իր բարեմաղթությունները։

1984-01-11-1

— 1983 թվականը,— ասաց նա,— մարդկության համար լարված տարի էր։ Ամերիկյան իմպերիալիզմը՝ սիոնիզմի, հետադիմության այլ ուժերի հետ միասին սպառնալիք էին ստեղծել խաղաղության համար, աշխարհի տարբեր մասերում բորբոքել պատերազմական օջախներ։ Այնուամենայնիվ, մենք 1984 թվականը դիմավորում ենք խաղաղ պայմաններում, որովհետև խաղաղության ջահակիր Սովետական Միությունը և խաղաղության համար պայքարի ելած տարբեր ժողովուրդներ ներկայացնող միլիոնավոր մարդիկ հավաստեցին մեր գեղեցիկ երկիր մոլորակը կործանումից պաշտպանելու իրենց աներեր կամքը։

— … Մեր հանրապետությունը 1983 թվականը եզրափակեց նորանոր հաջողություններով, ավելի հզորացած, ավելի գեղեցկացած։ Բազմաթիվ նոր կառույցներ բարձրացան մեր մայրաքաղաք Երևանում, հանրապետության տարբեր քաղաքներում ու գյուղերում։ Ծիծեռնակաբերդի բարձունքում կառուցված մարզահամերգային հսկա համալիրը հանդիսացավ այս տարվա մեր կերտումների փառքն ու պսակը։ Հայաստանի բոլոր անկյուններում այսօր մարդիկ ուրախ սեղանների շուրջը, երջանիկ ու գոհ դիմավորում են ամանորը։ Բայց, այնուամենայնիվ, մեր ուրախությանը խառնված է նաև տխրությունը, որովհետև հայկական մի շարք գաղթօջախներում, հատկապես Լիբանանում մեր հայրենակիցները գտնվում են ծանր վիճակում։ Ռումբեր են պայթում Բեյրութի փողոցներում, լիբանանցի երեխաների հետ հայ մանուկները ևս շաբաթներով դպրոց չեն հաճախում, նրանց անմեղ հայացքները մթագնվել են պատերազմի սարսափից։ Ուրեմն տարեմուտի առաջին բաժակը բարձրացնենք աշխարհի խաղաղության կենացը։ 1984 թվականին թող ամենուր լռեն հրանոթները և երկիր մոլորակը վայելի խաղաղության և ստեղծարար աշխատանքի անդորրը։

Ինչպես բոլորիդ հայտնի է, 1985 թվականին Երևանում տեղի կունենա սփյուռքահայ գեղարվեստական խմբերի փառատոն։ 1984 թվականը լինելու է այդ փառատոնին նախապատրաստվելու վճռական տարի։ Սփյուռքի արվեստի խմբերին մաղթենք եռանդ ու կորով՝ խաղաղ պայմաններում պատրաստվելու նախափառատոնային մրցույթներին։ Թող բոլորիդ համար Նոր տարին լինի երջանկության, հաջողության և խաղաղության տարի։

Ուսանողներին ասմունքով ողջունեցին հանրապետության ժողովրդական արտիստուհի Վարդուհի Վարդերեսյանը, վաստակավոր արտիստուհի Վարդուհի Խաչատրյանի երգի մեղմ հնչյունները։

Դահլիճում հայտնվեցին «Ակունք» երգի-պարի խմբի անդամները՝ իրենց ազգագրական երգերով ու պարերով հմայելով բոլորին։ Ապա պարի մեջ ներքաշվեցին սփյուռքահայ ուսանողները։ Շրջաններ էին գործում երիտասարդները, նույնացած «Ակունքի» հետ, պարում հայկական տարբեր գավառների տոհմիկ պարերը։

1984-01-11-2

Երբ լռեցին երգն ու երաժշտությունը, միկրոֆոնի մոտ հայտնվեց Վարդան Նարինյանը, որը պոլիտեխնիկական ինստիտուտն ավարտել է 1980 թվականին և աշխատում է Քուվեյթում։ Պոլիտեխնիկական ինստիտուտի 50-ամյակի առթիվ Երևան էին հրավիրվել նաև նրա մի խումբ սփյուռքահայ շրջանավարտներ։

— Ես ինձ անչափ բախտավոր եմ զգում, որ Ամանորը դիմավորում եմ այստեղ, «Անիի» այս գեղեցիկ սրահում։ Ես, ինչպես նաև այստեղ գտնվող իմ մյուս ընկերները, որոնք մեծ հպարտությամբ մասնակցեցին իրենց մայր ինստիտուտի 50-ամյակի հոբելյանական հանդիսությանը, այսօր մեծ հուզում ենք ապրում։ Վերհիշում ենք այս նույն սրահում դիմավորված ամանորները, մեր բացակա ընկերներին, որոնք աշխարհի տարբեր անկյուններում են աշխատում այժմ, վերհիշում ենք հայրենիքում անցկացրած ուսանողական տարիները, որոնք մեր կյանքի ամենաերջանիկ, ամենաբովանդակալից տարիներն էին, և ահա նորից բաժակ ենք բարձրացնում մեր հզոր հայրենիքի կենացը, հայրենաբնակ, ստեղծագործ մեր ժողովրդի կենացը և մեր շնորհակալությունը հայտնում սփյուռքի, սփյուռքահայ ուսումնատենչ երիտասարդության նկատմամբ ջերմ հոգատարության համար։ Մենք, որտեղ էլ որ աշխատելիս լինենք, պատասխանատվության մեծ զգացումով ենք համակված, պատասխանատվություն մեր հայրենիքի հանդեպ, որ մեզ տվեց կրթություն, որ մեր հոգին կոփեց հայրենասիրությամբ։ Մենք աշխատում ենք բարձր պահել մեր հայրենական դիպլոմների պատիվը և նաև մեր հասարակական գործունեությամբ սատարել հայրենիք-սփյուռք կապերի էլ ավելի հզորացմանը։ Բոլոր նախկին շրջանավարտների անունից ես բաժակ եմ բարձրացնում մեր չքնաղ հայրենիքի, մեր դասախոսների, մեր ողջ ժողովրդի կենացը։ Թող միշտ այսպես խաղաղ լինի հայրենի երկինքը։

Եվ նորից պարեղանակներ։ Այս անգամ «Անի» գործիքային անսամբլն է նվագում։ Եվ ուսանողները պարում են, պարում, պարի մեջ դնելով իրենց ողջ խինդն ու բերկրանքը։

Վ. Հակոբյան

You may also like...