Աղբալյանների ընտանիքը

Հայություն

«Հայություն», 1993թ., հունիս 1-15, թիվ 7 (25)

Հանրապետության հրապարակի մոտ տակավին կանգուն մնացած շինության առաջին հարկում 1918 թվականից տեղավորված էր Լուսավորության, մշակույթի և արվեստի նախարարությունը։ 1919թ. նախարար Նիկոլ Աղբալյանի ընտանիքը ապրում էր շինության երկրորդ հարկում, որի հսկա սեղանով ու բազմաթիվ աթոռներով դահլիճը ցերեկները տրամադրվում էր աշխատանքային ժողովներին։ Երեկոները նախարարի երեք երեխաները, այդ աթոռները միացնելով, գնացք էին սարքում և խաղում իրենց սիրասուն դայակի՝ Թագուհու հետ։ Շենքի ներսում բազմատեսակ փոփոխություններ կատարած շինարարները Աղբալյանի առանձնասենյակին ձեռք չեն տվել։

Աղբալյանների ընտանիքը

Աղբալյանների ընտանիքը

1920 թվականին, երբ դաշնակցական կառավարությունը ստորագրեց իշխանությունը բոլշևիկներին խաղաղ կերպով հանձնելու համաձայնագիրը, Նիկոլ Աղբալյանի Դորա անունով դուստրը ընդամենը 8 տարեկան էր։ Ըստ համաձայնագրի ոչ մի հալածանք չէր լինելու կառավարության անդամների, ինչպես բարձրաստիճան զինվորների, այնպես էլ շարքայինների նկատմամբ։ 80-ամյա Դորա Աղբալյանը հիմա էլ դեմքով հիշում է նրանցից շատերին։ Հենց առաջին պահից խորհրդարանի մի քանի այլ անդամների նման, Նիկոլ Աղբալյանն էլ միամտություն էր ունեցել արտասանելու հետևյալ նախադասությունը. «Բոլշևիկ են, թե ինչ են, բայց չէ՞ որ ինձ նման հայեր են։ Ես հո դավաճան չեմ, ինչո՞ւ պետք է մեկնեմ»։ Այդ տարին նրան նույնիսկ համալսարանում դասախոսելու իրավունք տրվեց։ Բայց նույն տարվա վերջին նա արդեն ձերբակալված էր։ Ձերբակալվեց և նույն բանտախուցը նետվեց նաև նրա գաղափարակից ընկերը՝ Լևոն Շանթը, որը Եվրոպայից եկել էր բանակցություններ վարելու նոր կառավարության հետ, տեսնելու թե համագործակցության ի՞նչ եզրեր կարելի է գտնել։ Ապրում էր Աղբալյանների ընտանիքում։ Այդ օրերին գրեթե բոլորը տառապում էին մոլեգնող տենդից։ Երբ Թագուհին՝ այդ զարմանահրաշ կինը, կանգնել էր նրանց տան շեմին և հարցրել պարոն Շանթին, վերջինս նույնպես տենդի մեջ պառկած էր։ Դռան և պատուհանների սողքերից երեխաներին մի կերպ հաջողվեց տեսնել, թե ինչպես անսովոր սևագգեստ տիկինը ծնկի իջավ Շանթի անկողնու մոտ ու համբուրեց նրան։ Մինչև 1914 թվականը նա եղել էր Շանթ ընտանիքի դայակը, անձամբ ճանաչել էր Զոհրապին, Սիամանթոյին, Վարուժանին և մյուսներին։

Շանթի երաշխավորությամբ Աղբալյանների ընտանիքը ոտք դրած այս կնոջն էր վիճակվելու զավակներին հայեցի դաստիարակություն տալու իրավունքից զրկված մեծ գրականագետին ինչ-որ չափով փոխարինելու առաքելությունը։

Ձերբակալվածների կանայք, աղջիկները ամեն օր հավաքվում էին բանտի մոտ, որպեսզի կարդան գիշերը գնդակահարվածների՝ պատին փակցվող ցուցակը։

Պատմության դասագրքերում «փետրվարյան ավանտյուրա» անվանված ժողովրդական մեծ հուզումից հետո, երբ բոլշևիկները ժամանակ չկորցնելու համար պարզապես լուսամուտներից գնդակահարում էին բանտարկյալներին, հրաշքով փրկված Նիկոլ Աղբալյանը և Լևոն Շանթը, նոր ժամանակների ռոմանտիկ հույսով շարունակում են մնալ Հայաստանում։ Սակայն շատ չանցած՝ իր հետ տաք մուշտակներ բերելով, Դրոն՝ առաջին հանրապետության ռազմական նախարարը, ինքը մտնում է Աղբալյանի տուն և նրան ու Շանթին ստիպում Զանգեզուրի սարերով փախչել Պարսկաստան։ Թավրիզում նրանք մնում են մինչև 1924 թվականը։ Այդ ընթացքում ժողկոմ Աշոտ Հովհաննիսյանը, որ շատ հարգալից էր տրամադրված մեծ գիտնականի նկատմամբ, հավատալով, որ ժամանակները փոխվել են, երկիրը խաղաղված է, մի նամակ է տալիս նրա կնոջը և ճանապարհում դեպի Պարսկաստան։ Պարզ է, թե ինչ էր գրված նամակում։ «Եկ, աշխատիր քո հայրենիքում»։ Սա ամբողջ էությամբ սիրեցյալին նվիրված կնոջ երկրորդ ճամփորդությունն էր դեպի Պարսկաստան։ Առաջին անգամ Թիֆլիսի Ռուսական գիմնազիայի շրջանավարտ, օրիորդ Հրարփին մեկնել էր Պարսկաստանի խուլ Ղազվին քաղաքը՝ ուսուցչության անելու։ Սակայն այստեղ պետք է միանային երկու սիրող սրտերը։ Այդ ժամանակ Նիկոլ Աղբալյանր դպրոցի տեսուչ էր Թեհրանում։

Նիկոլ Աղբալյանի վերադարձը պարզապես փոքր–ինչ հետաձգվել է, սակայն նա հորդորել է կնոջը՝ երկու տղաների հետ վերադառնալ հայրենիք։ «Ուզում եմ, որ որդիներս հայրենիքում մեծանան, օգտակար լինեն երկրին»։

Դա 1922 թվականն էր։ Իսկ 1923 թվականին Աղբալյանի ընտանիքը արդեն ապրում էր հիշյալ տան խոհանոցում, որի խորդանոցները վեր էին ածվել ննջարանների։ Այստեղ էլ ավարտվում է այս փառավոր մտավորական ընտանիքի երջանկությունը։ Կյանքը նրանցից յուրաքանչյուրի համար դառնում է դրսից պարտադրված պայմանների շարան, որոնցից որևէ մեկը շրջանցելը բացառվում էր։

Դորային 7-րդ դասարանում հեռացնում են դպրոցից։ Նա թավջութակի դասեր էր առնում, քանի որ երազած դաշնամուրը գնելու հնարավորություն չկար։

Որդին՝ Մուշեղը, հասցրել էր ավարտել դպրոցը և վկայական ստանալ։ Ուզում էր ինժեներ դառնալ, բայց ինստիտուտում նույնիսկ գործերը չէին ընդունել։ Նրա երաժշտական բացառիկ ընդունակությունները գովել էր Ալեքսանդր Սպենդիարյանը, սակայն նա որոշեց բանվորություն անել։ Որպես բանվոր կհեշտանար նրա ինստիտուտ ընդունվելու գործը։ Նուբարաշենում նա հող էր փորում մի ուրիշ հալածված ինժեների հետ։

Ժողովրդի թշնամու որդին, իհարկե, իրավունք ուներ բանվոր լինելու, բայց կոմերիտական՝ երբեք: Այս իրավունքը ևս վաստակելու համար Մուշեղը մեկնում է Թիֆլիս, մորաքրոջ մոտ, և ընդունվում գործարան։ Այստեղ ոչ ոք չգիտեր նրա ծագումը։ Այս ընթացքում նա չէր բաժանվում իր ջութակից։ Ցերեկները մի բրիգադի հետ Հայաստանից Վրաստան էներգիա մատակարարող բարձր լարման սյուներն էր կանգնեցնում, իսկ երեկոները ընտանեկան համերգներ կազմակերպում: Մուշեղը նաև հրաշալի նկարում էր։

Դորան նույնպես լավ էր նկարում։ Դպրոցից վտարվելուց հետո, աշխատում էր Թամանյանի՝ օպերայի կառուցվող շենքում կազմակերպված փոքրիկ գծագրական արվեստանոցում, հետո մի նախագծային բյուրոյում, որտեղից դարձյալ վտարվեց, այս անգամ մոր ձերբակալության առիթով։

1926 թվականին Աղբալյանի կինը դիմել էր ՉԵԿԱ, խնդրելով թույլ տալ ընտանիքով տեղափոխվել Եգիպտոս։ Ամեն ինչ լավ էր ընթանում։ Նրանք վաճառեցին այն ամենը, ինչը արժեք էր ներկայացնում, երեխաները հրաժեշտ տվեցին իրենց ընկերներին։ Դորան կոնսերվատորիա հանձնեց թավջութակը։ Վերջապես ազատվում էր չսիրած գործիքից, հայրիկը այնտեղ վերջապես իր համար կգներ ցանկալի դաշնամուրը։ Հայտնի էր օրը, նույնիսկ նավը, որով մեկնելու էին Բաթումից։ Ընտանիքի հայրը Եգիպտոսից պետք է գնար Աթենք՝ նրանց դիմավորելու։ Թամանյանի անգլուհի կինը՝ Կամիլլա Էդվարդսը, խնդրել էր, որ Թագուհին համաձայնի մնալ իրենց ընտանիքում, սակայն նա հրաժարվել էր, ասելով, որ ինքը չի հեռանա Աղբալյաններից։ Եվ նա չհեռացավ մինչև մահը՝ 1953 թվականը։

Այդ օրը տանը բոլորը սպասում էին մորը, որ գնացել էր մի վերջին փաստաթղթի ետևից։ Նրա՝ դռների մեջ երևալն ու հատակին թրմփալը մեկ է եղել։ Մեկնումը մերժված էր։ Իսկ պատճառաբանությունը հետևյալն էր. «Դուք կմնաք որպես պատանդներ, որպեսզի ձեր ամուսինը այնտեղ կուսակցական գործունեություն չծավալի»։

Մեծ գիտնականի կինը մինչև կյանքի վերջը այլևս մահճակալ չունեցավ։

1936 թվականի ամռանը երկու մարդ փողոցում մոտենում են Մուշեղ Աղբալյանին և խնդրում են հետևել իրենց։ Մեղադրանքը երիտասարդական դաշնակցական խմբավորում կազմակերպելն էր։ Արդեն ձերբակալված էին նրա ընկերները՝ Կանայանը, Կամսարականը։ Նրանց մեղքը երեկոյան Աստաֆյան փողոցում զրուցելով վեր ու վար անելն էր միայն։ Դատը որոշեց 5 տարվա աքսոր։ Մուշեղին ուղարկեցին Ղազախստան։ Շոգին չդիմանալով՝ Մուշեղը խնդրեց իրեն տեղափոխել հյուսիս՝ փշատերև անտառներ հատելու։ Պատմել է, որ ճամբարի պետը բարի մարդ է եղել, իմացել է, որ Մուշեղը ջութակահար է, խնդրել է իրեն ջութակի դասեր տալ գիշերով, երբ բոլորը քնած լինեն։ Շուտով այստեղ տարբեր ճամբարներից Մուշեղը հավաքագրում է երաժիշտների մի խումբ։ Դրանց մեջ էին նաև Մեծ թատրոնի ճանաչված երգիչ–երգչուհիներ։ Եվ բեմադրեցին «Կարմեն» օպերան։ Ապրում էին առանձին մի խրճիթում, արտոնություններ ունեին։

Կանայանների, Կամսարականների և Աղբալյանների դիմումից հետո՝ 1939 թվականին, 4 հոգու բերում են Երևան և նորից դատում։ Նրանց թվին ավելացել էին ևս երկուսը, որոնց այս ադաները անգամ տեսած չկային։ Մուշեղ Աղբալյանին տալիս են «–6» անձնագիր, որ նշանակում էր, թե իրավունք չունի ապրելու Միության վեց մայրաքաղաքներում, այդ թվում՝ Երևանում։ Որոշեց բնակություն հաստատել Վլադիկավկազում։ Այստեղի «Ինտուրիստում» նա երկար տարիներ էստրադային խումբ ուներ։ Պատերազմին մասնակցելուց հետո նորից վերադառնում է Վլադիկավկազ, որտեղ մինչև այժմ ապրում է։ Չի ամուսնացել։

Դորա Աղբալյանը, որին Միքայել Մալունցյանը մեծ ապագա էր գուշակել, երկար տարիներ աշխատեց օպերայի նվագախմբում, որպես թավջութակահար։ Նկարահանվել է մի շարք կինոնկարներում։ «Գիքոր» ֆիլմում խաղացել է Զանիի դերը, իսկ «Մեր կոլխոզի մարդիկ» ֆիլմում՝ տրակտորիստուհու:

Աղբալյանի մյուս որդուն՝ Ռուբենին, պոլիտեխնիկ ինստիտուտ ընդունվելու համար բոլոր քննությունները գերազանց հանձնելու պայման էր դրված։ Նա կատարում է այդ պայմանը։ 1941 թվականին ավարտում է ինստիտուտը ուղարկվում ծովային ուսումնարան, շտապ կարգով ավարտում է և որպես ծովային հետևակի հրամանատար սկսում աշխատել «Կենաց ճանապարհի» վրա։ Պատերազմի ողջ ընթացքում Թագուհին խնդրում էր նրանց տան պատին կախված քարտեզի վրա ցույց տալ Ռուբենի գտնված վայրերը։ Երևի Թագուհու աղոթքները պահեցին նրան։ Նա այժմ 70 տարեկան է, ապրում է Երևանի Աջափնյակ թաղամասում։
Դորա Աղբալյանի փայլուն հիշողության մեջ ոչինչ չի խամրել։ Այս հակիրճ տեղեկություններից զատ նա դեռ շատ բան ունի պատմելու իր իմացած բազում այլ ճակատագրակից ազնվական հայերի մասին։

Ալիս Հովհաննիսյան

You may also like...