«Աղաղակողները» ֆիլմի մասին դեռ շատ է խոսվելու

«Ազգ», 2007թ.
Սեյրանուհի Գեղամյան, Շարունակվող երկխոսություն, Երևան, 2007թ.

2006թ. դեկտեմբերի սկզբին, երբ գտնվում էի Լոս Անջելեսում, բոլորովին պատահաբար ներկա գտնվեցի մի ֆիլմի առաջին ցուցադրությանը, որի մասին ընդամենը գիտեի, թե նվիրված է ցեղասպանությանը: Անկեղծորեն, շատ բան չէի սպասում: Բայց… բայց լինում է եւ այսպես, երբ շատ բան չսպասելով հանկարծ անակնկալի ես գալիս՝ ինչպես խաղաղ օրվա մեջ բռնկված մրրիկից, ինչպես պարզ երկնքում ճայթած հզոր կայծակից, որից ծնված սարսափն ու հիացումը ցնցում, արթնացնում է մարմնիդ ու հոգուդ բոլոր բջիջները:

Կառլա Կարապետյան

Կառլա Կարապետյան

Այդպիսի ազդեցություն թողեց «Աղաղակողները» ֆիլմի դիտումը: Անգլերեն ֆիլմը կոչվում է «Screamers», որ ամերիկահայերը ավելի հաճախ թարգմանում էին «Ճչացողները», բայց իմ կարծիքով «Աղաղակողները» անվանումը ավելի կպատշաճի, քանի որ իրականում այն հոգու ամենախորքերից եկող աղաղակ է առ համայն մարդկությունը՝ ետ կանգնելու սպանությունից, դաժանությունից, մարդկանց խոշտանգելուց, երեխաներ որբացնելուց, մշակույթներ եւ հիշատակներ ոչնչացնելուց: Ֆիլմի բոլոր մտահղացումները ինքնատիպ էին, եւ ամենից առաջ՝ ասելիքը արտահայտելու կերպը, որի համար որպես միջոց ընտրվել է ռոք երաժշտության ամենասուր դրսեւորում հանդիսացող System of a Down նվագախմբի կատարումները: Այս նվագախմբի մասին արժե ավելի հանգամանալի խոսել:

System of a Down-ը ստեղծվել է 1995 թվականին՝ հինգ երիտասարդ հայ տղաների համախմբումով՝ որպես մի ինքնատիպ ռոք նվագախումբ, որի կատարումների ամենաբնորոշ գծերը չափազանց բարձր տոնայնությունն է, ճիչը, դոփյունները, անկառավարելի, կատաղի ռիթմը: Այսպես են նրանք արտահայտում իրենց բողոքն ու ընդվզումը բռնության եւ սպանության, ավերների եւ ցեղասպանությունների, մասնավորապես հայկական ցեղասպանության դեմ: Սա մի ձեւ է, որով այս երաժիշտները գրավեցին հազարավոր երիտասարդների սրտերը՝ նրանց եւս դարձնելով իրենց բողոքի եւ աղաղակի մասնակիցը: Հենց այս յուրահատկությունները հաշվի առնելով է, որ ֆիլմի ռեժիսոր եւ տնօրեն Կառլա Կարապետյանը իր ֆիլմի առանցքը դարձրեց Sestem of a Down-ի երաժշտությունը եւ խմբի ղեկավար Սերժ Թանգյանի եղեռնից փրկված պապի, որը ծնունդով Արեւմտյան Հայաստանի Էֆքերե գյուղից է, հիշողությունները՝ մեծ վարպետությամբ դրանք համադրելով իր հիմնական ասելիքին:

Այժմ անդրադառնանք, թե ո՞վ է այս խելացի, ուժեղ, տաղանդավոր կինը՝ Կառլա Կարապետյանը:

Ես նրա հետ բավական հանգամանալի հարցազրույց ունեցա ֆիլմը դիտելուց հետո, փաստաբաններ Վարդգես եւ Ռիտա Եղիայանների գրասենյակում, ի դեպ, ասեմ, որ Կառլան նախապես որոշել էր ֆիլմի հենքը դարձնել «Նյու Յորք Լայֆ» ապահովագրական ընկերության դատավարությունը, որին առնչվող հարցերի շուրջ ժամեր տեւող նկարահանումներ էր կատարել դատավարության փաստաբան Վարդգես Եղիայանի մասնակցությամբ: Սակայն հետո, ֆիլմի վրա աշխատելիս, փոխել էր մտադրությունը՝ ավելի լայն, համամարդկային ընդգրկում տալով դրան, ցույց տալով, որ ցեղասպանության հրեշավոր կերպարը նույնն է՝ ինչ Գերմանիայում իրականացված հրեական ողջակիզումը, ինչ Ռուանդայում Կամբոջիայում, Հյուսիսային Կորեայում, Չեչնիայում տեղի ունեցած դաժանություններն ու ողբերգությունները: Եւ այս ընդհանրացումը ֆիլմի ամենամեծ արժանիքներից մեկն է:

Կառլայի նախնիները սերում են Սեբաստիայից ու Վանից, եւ 20-րդ դարասկզբին, երբ արդեն Օսմանյան կայսրությունում սկսել էին հայերի կոտորածները, ընտանիքի Սեբաստիայում ապրող ճյուղը տեղափոխվում է Ամերիկա (Վանի ճյուղը ԱՄՆ է տեղափոխվում 1915-ից հետո): Ինձ համար ուղղակի հայտնություն եղավ (կարծում եմ ոչ միայն ինձ) լսելով, որ հայ մեծ գրող Րաֆֆին նրա մեծ մորեղբայրն է, եւ այդ մասին ասելիս նա մի տեսակ մեղավորության զգացում ունեցավ, որ հայերեն չգիտի: Բայց եւ հաստատապես Րաֆֆու արյունը նույնպես խոսում է այս տաղանդավոր հայուհու մեջ: Հայրը՝ Լեո Կարապետյանը, ժուռնալիստիկայի պրոֆեսոր է եղել Լոս Անջելեսի համալսարաններից մեկում եւ նաեւ մեծ աշխատանք է կատարել հայերին միավորելու հարցում: Կառլան, հոր ցանկությամբ լրագրողական կրթությունը ստացել է նախ այն համալսարանում, ուր դասավանդում էր հայրը, ապա ուսումը շարունակել է Լոնդոնի տնտեսագիտության եւ քաղաքական գիտությունների ինստիտուտում եւ դոկտորական թեզ է պաշտպանել միջազգային կապերի գծով: Վերջին կուրսում ուսմանը զուգահեռ աշխատել է Լոնդոնի 4-րդ հեռուստաալիքում, որպես վավերագրող եւ ուսումնասիրություններ կատարելու նպատակով շրջել տարբեր երկրներում: Նրա հետաքրքիր եւ համարձակ ռեպորտաժները գրավել են լոնդոնյան NBC եւ CNBC հեռուստակայանների ուշադրությունը, որոնց կողմից էլ աշխատանքի հրավեր է ստացել, իսկ որոշ ժամանակ անց համալրել է BBC World հայտնի հեռուստաընկերության թղթակիցների շարքերը: ВВС-ում աշխատելու տարիները Կառլայի համար եղան ինքնահաստատման եւ ճանաչման տարիներ, որոնց ընթացքում նա նկարահանեց մի շարք փաստագրական ուժեղ ֆիլմեր՝ աշխարհի ամենաթեժ կետերի մասին, եւ այդ ֆիլմերից շատերը արժանացել են հեղինակավոր տարբեր մրցանակների: Այսինքն, մինչեւ «Աղաղակողները» ֆիլմը Կառլան երկար եւ իմաստալի ճանապարհ է անցել՝ դրան նախապատրաստվելով թե հոգեբանորեն, թե մասնագիտորեն: Եւ թերեւս այս լուրջ փորձառությունն է նրան հիմք տալիս ասելու, որ «ցեղասպանությունների եւ դաժանությունների դեմ պայքարում քաղաքականությունը կարծես սպառել է իրեն, վստահ եմ, որ մշակույթի մարդիկ միավորվելով՝ կարող են ավելին անել, քան քաղաքականությունը»:

Ես անվերապահորեն հավատում եմ Կառլային, որովհետեւ առաջին անգամ էի դիտում ցեղասպանությանը նվիրված ֆիլմ, որը ցավի, տառապանքի, խեղճության, խղճահարության զգացումներից առավել արթնացնի ընդվզումի, բողոքի, պայքարի, կամքի, աշխարհում գոյություն ունեցող բոլոր բռնություններն ու դաժանությունները մերժող նման պոռթկում: Կամա թե ակամա, եւ դա հենց ֆիլմի ռեժիսորի եւ մասնակիցների գերագույն նպատակն է, դիտողները եւս ուզում են իրենց ձայնը միացնել աղաղակողներին, դառնալ կրողն ու մասնակիցը նրանց մեծ բողոքի ու աղաղակի:

Պատիվ բոլոր նրանց, ովքեր մասնակից եւ աջակից են նման բարձր արժանիքներով ֆիլմի լույս աշխարհ գալուն: Այս իմաստով հատուկ երախտագիտության է արժանի լոնդոնաբնակ Րաֆֆի Մանուկյանը, որի նյութական աջակցության շնորհիվ են իրականացել ֆիլմի նկարահանման աշխատանքները:

Հ. Գ. Գիրքը հրատարակության ընթացքում էր, երբ հայտնի դարձավ, որ Կառլա Կարապետյանի «Աղաղակողները» ֆիլմը արժանացել է այդ օրերին Երեւանում ընթացող «Ոսկե ծիրան» փառատոնի գլխավոր՝ «Ոսկե ծիրան» մրցանակին, ինչպես նաեւ Էկումենիկ ժյուրիի խրախուսական մրցանակին:

You may also like...