Աղաթոն Գրիգոր

Աղաթոն Գրիգոր, որդի Գեդեոնի, ծնած 1825-ին Խասգյուղ (Պոլիս): Աշակերտած Ներսեսյան վարժարանի մեջ, ուր պաշտպան ունեցավ Ճեզայիրլյան ամիրան: Ներսեսյան վարժարանի փայլուն ժամանակին մեջ Գրիգոր ուսավ հայերեն, թուրքերեն, ֆրանսերեն և իտալերեն լեզուները: Հմուտ էր մաթեմաթիքի և այլ գիտություններու, մանավանդ երկրագործության ու մաթեմաթիքի, որոնց համար մասնավոր համակրանք մը ուներ:

Ճեզայիրլյան ուզելով իր պաշտպանյալի փափաքը պսակել, 1840-ին Փարիզ ղրկեց զայն, թուրք դեսպանատան առաջին թարգման Հակոբ Կրճիկյանի հանձնելով դաստիարակության և երկրագործություն ուսանելու հսկողությունը:

Աղաթոն Գրիգոր

Գրիգոր Աղաթոն Աթիմարաճյան Գևորգի հետ հիշյալ նպատակով 1843-ին կմտնե Կռինիոնի վարժարանը: Հոն հաջողությամբ շրջանը կավարտե վկայականը կստանա: Թուրքիո դեսպան Ռեշիդ փաշայի առաջնորդությամբ Լուի-Ֆիլիպ թագավորին կներկայանա և հետո այցելելով Ֆրանսայի, Բելճիքայի և Անգլիո մեծ ագարակները և շերամաբուծությանց կենտրոնները՝ կհետևի առևտրական, տնտեսագիտական դասերու:

1847-ին Պոլիս կվերադառնա: Օսմանյան կառավարությունը բամբակի մշակության համար 1845-ին Այ-Մամայի ագարակը վարժարանի վերածած էր, անոր տեսչությունը ամերիկացի Տայվիսի հանձնելով: Ռեշիդ փաշայի առաջարկին վրա 1848-ին հիշյալ վարժարանը երկրագործականի վերածվելով՝ Գրիգոր Աղաթոնի կհանձնվի անոր տեսչությունը: Աշակերտաց թիվը 50 կսահմանե Գրիգոր և կպատրաստե ֆրանսերեն լեզվով երկրագործական դասագիրք մը:

Գրիգոր Աղաթոն 1845-ին Այ-Մամայի տեսչությունը Գևորգ Աթիմարճյանին հանձնելով՝ Ճեզայիրլյանի անձնական գործերու տեսչությունը ստանձնեց: 1852-էն ետք ինքզինքը գրական աշխատության կուտա կսկսի գրել Ֆրանսայի երկրագործական թերթերուն և Պոլսո Ժուրնալ տը Գոնսթանթինոբլը լրագրին մեջ՝ երկրագործական գիտելիքներու և տնտեսագիտության վերաբերյալ հոդվածներ, որոնք մեծ համակրանք կգտնեն Ֆրանսայի մեջ ու Պարտիզպանության կայսր. Ընկերությունը 1853-ին զինքը թղթակից կընտրե. այս միջոցներուն Գ. Աղաթոն Երկրագործական տնտեսագիտություն Թուրքիո անուն կարևոր աշխատության կձեռնարկե:

Աղաթոն չկարենալով բավականանալ գրական աշխատություններով՝ Տքթ. Սերվիչեն էֆ-ի միջոցով կծանոթանա թուրք ավագանիին, կմշակե անոնց բարեկամությունը և 1856-ին կընտրվի անդամ Վաճառականական բարձրագույն խորհրդին:

Գրիգոր Աղաթոն 1858-ին Սարտինիո թագավորության Թուրինի ցուցահանդեսին Տաճկաստանի կողմանե պատվիրակ կանվանվի և միջազգային քննիչ ժողովոյն 7-րդ բաժնին շերամաբանական արտադրությանց անդամ կընտրվի. Այս ցուցահանդեսին Գր. Աղաթոն կընդունի Սեն Մորիսի և Սեն Լազարի ասպետի աստիճանի շքանշանը:

1860-ին Մյութեմայիզի աստիճան կտրվի Աղաթոնի և Ելմտից նախարարության բարձրագույն դիվանին անդամ կընտրվի: 1862-ին Անգլիո Վիկտորիա թագուհին Աղաթոնի ոսկի ժամացույց մը նվեր կղրկե, իսկ Օսմ. Կառավարությունը Ուլայի սանի աստիճանը կշնորհի:

Այդ տարին Տարիւլ Ֆինուն թղթադրամո հաշվակալության սենյակին տնօրեն կանվանվի և 1863-ին Մեճիտիե 3-րդ աստիճան շքանշան կստանա: Գ. Աղաթոն 1863-ի Պոլսո ցուցահանդեսին մեջ դեր ունեցած է՝ իբր անդամ և քարտուղար՝ կանգադիր հանձնախումբին: 1864-ին Օսմ. Հեռագրության ընդհանուր տնօրեն կկոչվի և հաջորդ տարի Փարիզ կղրկվի իբր Օսմ. պատվիրակ Փարիզու հեռագրական համաժողովին: Փարիզեն վերադարձին Պոլսո մեջ կհաստատե տեղական թղթատարությունը: Ստացավ նաև Իւլայի էվելի աստիճանը:

1866-ին Օսմ. թղթատարության ընդհանուր տնօրենությունն ալ իրեն կհանձնվի: Հաջորդ տարին կրկին Փարիզ կղրկվի իբր պատվիրակ թղթատարական միջազգային համաժողովին, ուր կհաջողի մեծ դժվարությամբ վերցնելու Տաճկաստանի օտար թղթատարական տուները:

Սուլթան Ազիզ իմանալով Աղաթոնի հաջողությունը՝ 5000 ոսկի նվիրեց. այդ միջոցին Գր. Աղաթոն հիվանդացավ երբ սուլթան Ազիզ զինքը հասարակաց շինությանց նախարար անվանեց. Միևնույն ատեն Նապոլեոն Գ Լեժիոն Տ’Օնեորի կարգին հրամանատարության աստիճանի խաչը ղրկեց իրեն: Գրիգոր Աղաթոն Թուրքիո առաջին քրիստոնյա նախարարը եղած է:

Հակառակ բժշկական ջանքերուն Աղաթոն 1868 ապրիլ 27-ին կվախճանի: Գր. Աղաթոն 1857-ի սահմանադրական ժողովին անդամ ըլլալով՝ կարևոր մասնակցություն մը ունեցած է օրենքին պատրաստության մեջ: Եղած է քաղաքական ժողովո անդամ և ատենապետ, նաև ազգային երեսփոխան:

Հիմնադիրն եղած է Համազգային Բարեգործական ընկերության, հաստատված 1859 հոկտեմբերի 30-ին: Գր. Աղաթոն եղած է Խասգյուղի թաղականության ատենապետը և Նեսեսյան վարժարանի բարերարը:

Հայ Հանրագիտակ, Հ. Մկրտիչ Վարդ. Պոտուրեան, Պուքրէշ, 1938

You may also like...