Աղաթոն գերդաստանը և իր անդամները

Գաբրիել (Փալագյան), Աղաթոն գերդաստանին նախահայրը, Բալուցի, 1670-ի ատենները Պոլիս կգաղթե և առաջադիմելով կըլլա ճարտարապետ, մինչև իսկ կհաջողի անվանվիլ կայսերական ճարտարապետ (հավանաբար սուլթան Սուլեյման Բ-ի) և սուլթանին սիրելին կըլլա:

Իբր քրիստոնյա՝ իր փայլուն դիրքը շատ մը նախանձողներ կստեղծե, որոնք թեև սուլթանեն վախենալուն կհարգեին զինքը, սակայն վեհապետին մահեն ետք՝ իրենց ներքին հակակրությունը երևան կհանեն և կսկսին հակառակիլ անոր:

Գաբրիել գալֆա նախատեսելով այս հակակրությանց ցավալի հետևանքները՝ իր Պարոն անուն տղուն և ընտանիքին հետ ԺԷ դարուն (17-րդ) վերջերը Պոլիսեն կգաղթե Եալովայի գյուղերեն միոյն մեջ, ուր մեծատարած հողեր գնելով երկրագործությամբ կպարապի: Գաբրիել արդեն ծերունի էր և քիչ ժամանակեն կմեռնի:

Պարոն երեք մանչ և երկու աղջիկ: Մանչերն են Սարգիս, Հովհաննես և Գաբրիել, Գալֆայան կկոչվին՝ իրենց պապուն արհեստին անվամբ և իրենց հոր Պարոնի մահեն ետք կգաղթեն Գարթալ և կշարունակեն երկրագործությունը:

Գաբրիելի զավակներն էին Վարդան և Աղաթոն: Վարդանի արտասահման մեկնելով՝ հետքը կկորսվի:

Աղաթոն, որդի Պարոնի, որուն անվամբ կկոչվին իր որդիները ու թոռները՝ ծնած է 1757-ին և իր հորը մահեն ետք անոր հաջորդը կըլլա. կմեծցնե հորենական ագարակը նորանոր հողեր գնելով և կըլլա տեղվոյն նշանավոր մեշատունը և Գարթալի հողերուն երեք չորրորդին կտիրանա:

Աղաթոնի հարստությունը կգրգռե տեղացի թուրքերուն, մանավանդ ենիչերիներուն նախանձը, որոնք կմտածեն նույնիսկ սպանել զայն: Մահավճիռը արդեն չարագործներու կողմանե տրված էր և ծրագիրն էլ գծված՝ երբ իր պաշտպանությունն ու երախտիքը վայելող թուրք մը Աղաթոնին կիմացնե ծրագրված դավադրությունը, որ գիշերանց ձի նստելով կհասնի Սկյուտար: Հետքը կորսնցնելու համար Պոլսո մոտ Ալի պեյ գյուղը կքաշվիու երկրագործությունը կշարունակե. քիչ ետք կինն էլ կբերե Գարթալեն: Աղաթոն կըլլա առաջինը գետնախնձորին հունտը Իտալիայեն բերել տալով՝ զայն կմշակե: Աղաթոն 92 տարու կմեռնի Խասգյուղի մեջ 1849-ին:

Երկու մանչ ունեցավ. Գեդեոն և Հովսեփ և երկու աղջիկ: Երկու եղբայրները, որ Ալի պեյի մեջ իրենց ագարակը կմշակեին՝ կստիպվին կալվածները վաճառել 1852-ին:

Հայ Հանրագիտակ, Հ. Մկրտիչ Վարդ. Պոտուրեան, Պուքրէշ, 1938

You may also like...